կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-19 12:02
Քաղաքական

Ֆարմանյանը «Յուքոմ»-ին մեղադրում է իր հեղինակային իրավունքը խախտելու մեջ

Ֆարմանյանը «Յուքոմ»-ին մեղադրում է իր հեղինակային իրավունքը խախտելու մեջ

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իր հեղինակային իրավունքը խախտվել է: Բանն այն է, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների` նրա կողմից մտահղացված`«Ժամանակն է» կարգախոսն ու քարոզչական պաստառը «յուրացվել» է «Յուքոմ» ընկերության կողմից: Ֆարմանյանն իր համացանցային էջում տեղադրել էր լուսանկարներ` ցուցադրելով այդ «յուրացումը»:

Նշենք, որ «Յուքոմ»-ը պատկանում է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին:

Ֆարմանյանից հետաքրքրվեցինք` չի՞ պատրաստվում «Յուքոմ»- ից կամ Գագիկ Խաչատրյանից փոխհատուցում պահանջել: Մեր հարցադրումը նախ բավականին զվարճացրեց պատգամավորին, ապա նա նշեց, որ դեռևս չի մտածել այդ մասին: «Ճիշտն ասած, դեռ այդքան չեմ խորացել: Համ էլ ես չգիտեի, որ դա «Յուքոմ»-ինն  է, հետո իմացա: Չեմ մտածել այդ մասին, բայց կարող եմ ասել, որ շատ հաճելի էր տեսնել` իմ նախընտրական  կարգախոսը, պաստառը էնքան հետաքրքիր է եղել, որ նաև ուրիշներն են վերցրել»,- ասաց Ֆարմանյանը` հավելելով, որ Վանաձորի քաղաքապետի թեկնածուներից մեկն էլ է իր նախընտրական կարգախոսը վերցրել:

Դիտարկմանը, թե ստացվում է, որ շատ պահանջված կարգախոս է, Ֆարմանյանը պատասխանեց` հավանաբար: «Բայց ես կարող եմ մի բան ասել` կարգախոսի և պաստառի մտածման վրա իմ նախըտրական շտաբը շատ մեծ ժամանակ է ծախսել: Չգիտեմ, գուցե զուգահեռ են մտահղացել, բայց, ամեն դեպքում, մի կողմից հաճելի էր տեսնել դա, մյուս կողմից` ոչ»,- ասաց նա:

\"\"

\"\"

\"\"