կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-17 11:46
Իրավական

Նոր Նորքում կրակել են գործարարի ուղղությամբ. մանրամասներ

Նոր Նորքում կրակել են գործարարի ուղղությամբ. մանրամասներ

ՀՀ Քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նոր Նորք վարչական շրջանում փոխանակման կետի վրա մարտի 16-ին տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։ Մարտի 16-ին՝ ժամը 17։40-ին, ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի շուկայի մոտ գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել, որից հետո ավտոմեքենայով դիմել են փախուստի։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Արամ Հարությունյանի գլխավորությամբ։

Նախնական տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը ավազակային հարձակմամբ հափշտակելու նպատակով, դիմակավորված, ատրճանակով զինված, 2016թ-ի մարտի 16-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, մուգ կապույտ գույնի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել է անհատ ձեռնարկատեր Հ.Ասատրյանին պատկանող տարադրամի փոխանակման կետին։ Իջնելով մեքենայից՝ դիմակավորված անձը Հ.Ասատրյանի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնության գործադրման սպառնալիքով պահանջել է գումար, սակայն մերժում ստանալով, վերջինիս սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ բազմաթիվ կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ։

Կրակոցների ձայները լսելով՝ փոխանակման կետին են մոտեցել հարակից կրպակների աշխատակիցները, և դիմակավորված անձն ավտոմեքենայով դիմել է փախուստի։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 6 պարկուճ, 4 գնդակ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ։