Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպեցին հայկական ավիաշուկա նոր մուտք գործած «Արմենիա» ավիաընկերության բաժնետերեր Թամազ Գաիաշվիլին և Ռոբերտ Հովհաննիսյանը:
Թամազ Գաիաշվիլին նշեց, որ կառավարությանն են ներկայացրել իրենց բիզնես-ծրագիրը: Ըստ նրա` ընկերության ֆինանսական վիճակը կայուն է, բաժնետերերն են` Հայաստանի քաղաքացի Աշոտ Թորոսյանը՝ 51 տոկոս, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 25 տոկոս և Թամազ Գաիաշվիլին՝ 24 տոկոս:
Ինչ վերաբերում է մրցակցությանը դիմանալուն, Թամազ Գաիաշվիլին նշեց, որ այնպիսի գնային քաղաքականություն պետք է որդեգրեն, որ դիմանան մրցակցությանը, ավիացիոն ոլորտը բարդ ոլորտ է, և, առանց կառավարության աջակցության, դժվար թե գործը հաջողի:
Հարցին, թե հաշվի առե՞լ են նախորդ ազգային ավիոափոխադրողների փորձը, որոնք չհաջողեցին և սնանկացան, վրացի բաժնետերը պատասխանեց, թե չգիտի` նախորդները ինչ պատճառով են սնանկացել, բայց եթե կա ավիացիոն ոչ վատ շուկա, եթե կա զարգացման պոտենցիալ, ուրեմն ճիշտ մոտեցման դեպքում կարելի է հաջողել ու զարգանալ:
Ինչ վերաբերում է «Զվարթնոց» օդանավակայանի հետ հարաբերություններին, նա նշեց, որ դրանք կառուցվում են փոխադարձ հարգանքի վրա: Եվ եթե ավիաընկերությունները չկայանան, դա օդանավակայանին էլ ձեռնտու չէ, ուստի իրենց ընկերության կայացումը պետք է ձեռնտու լինի նաև օդանավակայանին:
«Ես ունեմ իմ պլանները, որ չորս տարի անց ընկերության ֆինանսական վիճակը պետք է կայունանա, որից հետո ընկերությունը կներկայացվի բորսայում. յուրաքանչյուրը կարող է դառնալ ընկերության բաժնետեր ու ներգրավվել այդ գործի զարգացման մեջ»,-ասաց Գաիաշվիլին:
Լրագրողները հարցրեցին, թե արդյո՞ք ճիշտ են լուրերն այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը ներդրումներ է արել ընկերությունում, նա պատասխանեց. «Ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, որ Հայաստանի կառավարությունը ներկայացված չէ այս ընկերության բաժնեմասերում: Այդ լուրերը տարածում են, որ հարվածեն նոր ընկերության սկսած գործին: Ես կասեի, որ նման խոսակցությունները չեն բխում Հայաստանի ազգաբնակչության շահերից, որովհետև Հայաստանն այնքան էլ հեշտ աշխարհագրական վիճակում չի գտնվում, և երկրի ավիացիան պետք է ոտքի կանգնի: Հայաստանի կառավարությունը, կարծում եմ, պետք է աջակցի և աջակցում է մեր ընկերության կայանալուն: Հենց դրա համար են քաղաքացիները կառավարություն ձևավորում, որ օգնի, որովհետև դրանից շահելու են Հայաստանի քաղաքացիները»: