կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-02 14:10
Հասարակություն

Գյուղնախարարությունը հողօգտագործողներին խորհուրդ է տալիս

Գյուղնախարարությունը հողօգտագործողներին խորհուրդ է տալիս

Հանրապետությունում շարունակաբար դիտվող և առաջիկայում կանխատեսվող բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել որոշակի շտկումներ կատարել գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ժամկետների և նախատեսվող ագրոտեխնիկական միջոցառումների ցանկում:  

Ներկայումս` նաև գիշերային ժամերին գրանցվող բարձր ջերմաստիճանի արդյունքում Արարատյան հարթավայրում, հյուսիս-արևելքում, Մեղրու տարածաշրջանում,Վայոց ձորի և նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում պտղատու ծառատեսակների (հատկապես կորիզավոր) մոտ սկսել է հյութաշարժությունը, և ընթանում են ակտիվ կենսական պրոցեսներ: Մեղրու ցածրադիր հատվածներում ծաղկել է ծիրանենին, հյուսիս-արևելքում` հոնենին, Արարատյան դաշտում մինչև մարտի 15-ը սպասվում է ծիրանենու մասայական ծաղկումը:  

Նշված պայմաններում անհրաժեշտ է արագ ավարտել կորիզավորների էտը, ծառերի բների մշակումը կրակաթի լուծույթով (բների սպիտակեցում), սնկային հիվանդությունների դեմ բուժումը պղինձ պարունակող պատրաստուկներով: Պետք է արագացնել այգեբացը, քանի որ հողում ջերմաստիճանի հետագա բարձրացման դեպքում աչքերը կարող են վնասվել: Անհրաժեշտ է բացել վազերի բունը և սկսել էտն ու ձևավորումը: Խաղողի վազերի էտը Արարատյան դաշտում ցանկալի է ավարտել մինչև մարտի 20-ը:  

Խորհուրդ է տրվում պտղատու և խաղողի այգիների էտից առաջացած թափուկն ու բուսական մնացորդները կուտակել այգու մերձակա հատվածներում` հետագա հնարավոր ցրտահարությունների դեպքում ծխակույտերի պատրաստման համար օգտագործելու նպատակով:   Վաղահաս կարտոֆիլի տունկը Արարատյան դաշտում նպատակահարմար է կատարել մարտի 5-ից մինչև 20-ը: Մասնագետները խորհուրդ են տալիս պալարների տնկումը կատարել առնվազն 14-16սմ խորությամբ (ընդունված 10-12 սմ-ի փոխարեն), նկատի ունենալով, որ հողի ավելի խորը շերտերում ջերմաստիճանն անհամեմատ ցածր է, և ծլումը որոշ չափով կուշանա, իսկ հաստ հողաշերտը ծիլը կարող է հաղթահարել մի փոքր ավելի ուշ ժամկետում:

Եթե հետագայում կարտոֆիլի ծիլերը մոտենան հողի մակերևույթին և առկա լինի ցրտահարության վտանգ, ապա փոքր տարածքների վրա կարելի է ձեռքի գործիքներով պալարները մի քանի սանտիմետր լրացուցիչ հողաշերտով ծածկել, իսկ մեծ հողակտորների վրա` կուլտիվատորի միջոցով, բուկլիցի թաթիկներով թմբերը զգուշությամբ (տրակտորի դանդաղ ընթացքով) ծածկել 2-4 սմ հողաշերտով:   Արարատյան հարթավայրի պայմաններում սմբուկի (բադրիջան), տաքդեղի ցանքը արևային ջերմոցներում պետք է կատարել մարտի 1-10-ը, լոլիկինը` մարտի 5-15-ը, իսկ սածիլումը բաց դաշտում` ապրիլի 25-ից մինչև մայիսի 10-ը:  

Նախալեռնային գոտում ջերմոցներում սմբուկի, տաքդեղի ցանքը պետք է կատարել մարտի 20-ից մինչև ապրիլի առաջին տասնօրյակը, լոլիկինը` ապրիլի առաջին տասնօրյակում, իսկ սածիլումը բաց դաշտում` հունիսի 1-ից մինչև 15-ը:   Պետք է նկատի ունենալ, որ օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում սերմերի ծլարձակումը արևային ջերմոցներում հնարավոր է սովորականից ավելի վաղ դիտվի, և ժամանակին օդափոխություն չապահովելու դեպքում ծիլերը կարող են վնասվել:  

Ներկայումս նախարարության մասնագետների կողմից հանրապետության բոլոր մարզերում իրականացվում են մշտադիտարկումներ ջերմաստիճանային ռեժիմի և բույսերի աճի ու զարգացման փուլերի ընթացքի վերաբերյալ: Կատարված ուսումնասիրությունների, դիտարկումների, վերլուծությունների արդյունքների վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, գյուղացիական տնտեսություններին կտրվեն համապատասխան մասնագիտական խորհուրդներ և ցուցումներ:      

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին