Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետությունում մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում եւ ցրտահարություն, որից պաշտպանվելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիներին խորհուրդ է տալիս դիմել ավանդական միջոցների' այգիների ծխեցման եւ, եթե հնարավոր է, առատ ոռոգման:
Հայաստանի ԱԻՆ-ի «Հայպետհիդրոմետ» ծառայությունը տեղեկացրել է, որ Արարատյան հարթավայրում այդ գիշեր օդում կդիտվի -1-ից -2 աստիճան ցուրտ, իսկ հողի մակերեւույթին' մինչեւ -4 աստիճան, առանձին գոտիներում' օդում մինչեւ -3-ից -4 աստիճան ցուրտ, իսկ հողի մակերեւույթին' մինչեւ -5 աստիճան: Ցածր ջերմաստիճանը կպահպանվի նաեւ ապրիլի 1-ի եւ 2-ի ընթացքում:
Այսօր լրագրողների ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը հայտնեց, որ ցրտահարությունից տուժելու վտանգի առջեւ են հայտնվել հիմնականում ծիրանենիները, սալորենիները, կեռասենիները, դեղձենիները, որոշ շրջաններում, որտեղ բողբոջել են վաղահաս խաղողի վազերը, նաեւ խաղողը: Տավուշի մարզում կարող են ցրտահարվել դեղձենիներն ու հոնենիները:
Այգիները ցրտահարությունից պաշտպանելու համար Գառնիկ Պետրոսյանը խորհուրդ տվեց ոչ թե երեկոյան' ժամը 5-ի կամ 6-ի մոտակայքում ծխահարել այգիները, այլ գիշերը' ժամը 4-ից մինչեւ առաոտյան ժամը 7-ն ընկած ժամանակահատվածում, քանի որ այդ դեպքում միայն ցրտահարության վտանգը կմեղմվի:
Փոխնախարարը նշեց, որ օդում -1-ից մինչեւ -2 աստիճան ցրտի պայմաններում, եթե ճիշտ ժամանակին կամ ճիշտ եղանակով ծխեցվեն կամ ոռոգվեն այգիները, կարելի է 100 տոկոսանոց արդյունք ստանալ ու ամբողջ բերքը փրկել: Իսկ օդի ջերմաստիճանը -2 աստիճանից ավելի ցածր իջնելու դեպքում արդեն ցրտահարության վտանգը մեծանում է:
Ըստ Պետրոսյանի` ոչ ոք այս պահին չի կարող ասել, թե ինչքան կիջնի ջերմաստիճանը, կամ, օրինակ, -5 աստիճան ցրտի պայմաններում որքան վնաս կկրեն այգիներին: Գյուղատնտեսության նախարարությունում ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք շուրջօրյա հերթապահություն կիրականացնեն մարզերում' տեղերում, իսկ ջերմաստիճանի վերաբերյալ 3 ժամը մեկ քաղաքացիներին կտրամադրվի տեղեկատվություն:
Ցրտահարության վտանգի մասին տեղեկացվել են նաեւ Հայաստանի 3 բջջային օպերատորները, որոնք պարբերաբար գյուղատնտեսության նախարարության տարածած հաղորդագրությունները կտարածեն sms հաղորդագրությունների տեսքով:
Yerkir.am-ի հարցին' նախարարությունը խորհուրդ է տալիս ոռոգել այգիները, իսկ ոռոգման հնարավորություն կա՞, փոխնախարար Պետրոսյանը պատասխանեց, որ կան բավականաչափ մեծ տարածքներ, որտեղ ինքնահոս ոռոգման համակարգեր են գործում, եւ այդ վայրերում ոռոգումը հնարավոր է, իսկ քանի որ ոռոգման սեզոնը դեռ չի սկսվել, ու պոմպակայանները դեռ պատրաստ չեն աշխատանքի, ապա, ցավոք, պոմպակայանների միջոցով ոռոգվող վայրերում ոռոգման հնարավորությունը բացակայում է: Մեր այն հարցին' հնարավոր չէ՞ր արագ' 1-2 օր աշխատելու պայմանով, գործարկել այդ պոմպակայանները, Գառնիկ Պետրոսյանը պատասխանեց, թե դժվար խնդիր է` 1-2 օրում պոմպակայանները բերել աշխատանքային վիճակի: