կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-29 14:51
Մշակույթ

Ծառերը, պարզվում է, խանգարում էին սրճարանի տարածքը բարեկարգելուն

Ծառերը, պարզվում է, խանգարում էին սրճարանի տարածքը բարեկարգելուն

«Կարապի լիճ» սրճարանային համալիրի տնօրեն Դ. Առաքելյանը հայտարարություն է տարածել տարածքում ծառահատումների վերաբերյալ: Նա, մասնավորապես, գրել է. «Փետրվարի 26-ին «Կարապի լիճ» սրճարանի տարածքում հատված երկու ծառերի կապակցությամբ  տեղեկացնում եմ, որ  ծառերը հատվել են սրճարանի բացօթյա հատվածի բարեկարգման շրջանակներում, չխախտելով բնապահպանական նորմերը:

Ունենալով Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության թույլտվությունը՝ «իրականացնել ծառերի էտման, ձեւավորման, երիտասարդացման աշխատանքներ», հայտնում եմ, որ նշված ծառերը բավարար ամրություն չունեին, առկա էր տապալման ու մարդկանց վնասելու վտանգ, դրանց ճյուղերը կախված էին, որոշները՝ ջարդված, եւ սրճարանի տարածքի բացօթյա հատվածում բարեկարգման որևէ աշխատանք հնարավոր չէր  իրականացնել՝ առանց այդ երկու ծառերը հատելու: Դրանցից մեկի բունը, ի դեպ, փտած էր, իսկ, ինչպես նշված է քաղաքապետարանի վերոհիշյալ թույլտվության մեջ՝ մյուսի էլ «կողային արմատները խարխլել էին սալահատակը»:

Հասկանալով մեր քաղաքացիների անհանգստությունը, որը տվյալ դեպքում համարում եմ զուտ զգայական, անհիմն ու չպատճառաբանված, տեղեկացնում եմ նաև, որ ներկա պահին ընթանում են աշխատանքներ տարածքը բարեկարգելու և հատված ծառերի փոխարեն 10-ից ավելի նոր՝ որակյալ ծառեր տնկելու ուղղությամբ: Մի քանիսն արդեն իսկ տնկվել են: Դրանք արագ աճող՝ գնդաձեւ գլխիկով ակացիաներ են, որոնք  կարճ ժամանակում սրճարանի տարածքում ստվերախիտ եւ թթվածնով հագեցած միջավայր կստեղծեն:

Սրճարանի տնօրինությունը միշտ էլ կարեւորել է տարածքում կանաչ հատվածի գերակայության անհրաժեշտությունը եւ տարածքը շարունակ բարեկարգել է այդ առաջնահերթության գիտակցումով: Ինչ վերաբերում է խնդրահարույց երկու ծառերի հատմանը, ապա դա իրականացվել է սրճարանի տնօրենի որոշմամբ ու պատասխանատվությամբ՝ վերը նշված հիմնավորումով:

Հայցում եմ մեր համաքաղաքացիների ըմբռնումը եւ հավաստիացնում, որ ոչ պակաս սրտացավ եմ մեր հարազատ քաղաքի բարեկարգման ու կանաչապատման հարցում»:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ այսօր անդրադարձել է այս խնդրին` հանձնարարելով, որ խստորեն հետամուտ լինեն հետագա զարգացումներին՝ նշելով, որ ապօրինի ծառահատումների հարցում քաղաքապետարանի դիրքորոշումը մշտապես եղել ու լինելու է կոշտ:

«Ոմանց համար, կարծես, այնքան էլ պարզ ու հստակ չէ, որ ապօրինի ծառահատումն անթույլատրելի և դատապարտելի է: Ընդհանրապես, ավելի հաճախակի անդրադարձեք նման երևույթների անթույլատրելիությանն ու ամեն անգամ հիշեցրեք այն պատասխանատվության մասին, որ կկրի ծառն ապօրինի հատողը: Այս հարցում որևէ արդարացում չի կարող լինել: Ըստ այդմ` ակնկալում եմ կոշտ և հետևողական պայքար նման երևույթների դեմ: Ինչ վերաբերում է արդեն հատված ծառերին, ապա քայլեր ձեռնարկեք նույն տեղերում նոր ծառեր տնկելու ուղղությամբ», - ընդգծել է նա:

Լուսանկարները` Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

 

\"2\"

 

\"1\"