կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-24 16:35
Քաղաքական

Դուք ինձ երկար չեք կարոտի. Արմեն Աշոտյան

Դուք ինձ երկար չեք կարոտի. Արմեն Աշոտյան

Այսօր ԱԺ-ում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին վստահեցրեց, որ վերջին անգամ չէ, որ լինում է խորհրդարանում:

«Յոթ երկարուձիգ տարիների ընթացքում իմ զգացողությունները չեն փոխվել, պարտքի գիտակցում ունեմ անգամ վերջին օրով»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ ժառանգություն է թողնում Լևոն Մկրտչյանին, Աշոտյանը նշեց. «Եթե ուզենամ արտահայտվել այդ ուղղությամբ, անպայման կարտահայտվեմ»:

Հարցին` միգուցե ցա՞վ, ափսոսա՞նք, արձագանքեց. «Ցավ ունեմ, բայց` ոտքի շրջանում»:

Դիտարկմանը, թե` Ձեզ զոհաբերեցին ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի համար, Աշոտյանը պատասխանեց. «Ես մի քիչ ավելի ազատ կլինեմ երևի առաջիկա մի քանի օրերին և ձեր լրագրողական «ֆենթզի» հրատարակումներին անպայման կծանոթանամ, անպայման` նաև այս թեմայով: Երբեմն տպավորություն ունեմ, որ մենք Հարի Փոթերի պոտենցիալ հեղինակներ ենք կորցնում»:

«Եթե հնարավորություն լինի գործադիր վերադառնալ, ի՞նչ ոլորտ կնախընտրեք» հարցին նախարարը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ բավականաչափ հմուտ եմ որպեսզի կարողանամ թաքցնել այն, ինչ ուզում եմ արտահայտել»:

«Վստահ եմ` Դուք ինձ կկարոտեք, բայց երկար չեք կարոտի, որովհետև կյանքն այնպես դասավորվեց, որ այս յոթ տարիների ընթացքում ձեզանից շատերն իմ մեջ տեսնում էին 30 տոկոսով կրթության նախարարի, 70 տոկոս հարցերը քաղաքական էին, այդ տեսակետից` մենք ձեզ հետ կշարունակենք շփվել»,- ասաց Աշոտյանը և հավելեց. «Ես պաշտոնավարել եմ մեկ անգամ, բայց` յոթ տարի: Պարոն Մկրտչյանին պետք է հաշվարկել իր պաշտոնավարման ժամկետով, ոչ թե նշանակումների քանակով»:

Նա նշեց նաև, որ Լևոն Մկրտչյանը շատ փորձառու է. «Ես նրան ճանաչել եմ դեռ ուսանողական տարիներից, և վստահաբար, այս գալիք տարիների ընթացքում նա կշարունակի այն, ինչ-որ ես շարունակում էի իրենցից հետո»:

Հարցին, թե խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի ցուցակում լինելո՞ւ է, գուցե ԱԺ պատգամավո՞ր դառնա, Աշոտյանը պատասխանեց. «Ժամկետի առումով` ավելի ճիշտ կլիներ հարցնել` ո՞վ կհաղթի ֆուտբոլի գալիք առաջնությունում, դա ավելի մոտ է»: