կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-22 12:02
Հասարակություն

Արցախում հուղարկավորեցին ծառայակցի գնդակից մահացած 18-ամյա Կամոյին (լուսանկարներ)

Արցախում հուղարկավորեցին ծառայակցի գնդակից մահացած 18-ամյա Կամոյին (լուսանկարներ)

Երեկ ԼՂՀ Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում հուղարկավորեցին ծառայակցի կրակոցից մահացած զինծառայող, մարտական դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Կամո Հովհաննիսյանին:

Կամոն Նոր Էրքեջի գյուղապետի՝ Արայիկ Հովհաննիսյանի որդին էր, կրում էր Արցախյան ազատամարտում զոհված հոր հորեղբոր՝ Կամո Հավհաննիսյանի անունը:

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Ժիրայր Շահիջանյանը պատմեց, որ Կամոյին ճանաչում է դեռ մանուկ հասակից:

«Շատ դաստիարակված, հայրենասեր և ազգին նվիրված տղա էր, և բոլորի համար ցավալի է նրա կորուստը»,- ասաց նա:

Կամոն նախքան բանակ զորակոչվելը սովորում էր Ստեփանակերտում: Նրա 19 տարին լրանալու էր այս տարվա հունիսին: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Թեմուրը դեպքից երկու օր առաջ՝ իր հերթապահության օրը, լքել է մարտական հենակետը, ինչը խոսակցության առիթ է դարձել:

«Դեպքի օրն էլ ասել է, որ փորն է ցավում, թող իրեն փոխի: Կամոն էլ ուրիշ զինվորի է կանչել՝ փոխարինելու, հետո թե ի՞նչ խոսակցություն է եղել, չգիտենք: Այդ ընթացքում դեպքը տեղի է ունեցել: Այնտեղ ևս մի զինվոր է ներկա եղել»,- պատմեց Շահինջանյանը՝ հավելելով, որ քննությունը կպարզի, թե ինչ է իրականում տեղի ունեցել:

Անդրադառնալով այն տեղեկությանը, թե իբր Կամոն ճնշել է Թեմուրին, մեր զրուցակիցն ասաց, որ նման բան չի եղել:

«Կամոն իրեն շատ համեստ է պահել, հրամանատարական կազմի կողմից շատ լավ է բնութագրվում, նա ի՞նչ թափ պետք է ունենար, որ փորձեր մյուսին ճնշել»,- ասաց Շահիջանյանը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ նախնական տվյալներով՝ 2016 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, N զորամասի 3-րդ ջոկի գնդացրորդ, շարքային Թ.Սլոյանը նույն զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետի մոտ իրեն ամրակցված գնդացրից կրակել է նույն ջոկի հրամանատար, մարտական դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Կամո Հովհաննիսյանի դեմքի շրջանին։ Ստացած վնասվածքից Կ.Հովհաննիսյանը տեղում մահացել է, որից հետո շարքային Սլոյանը ինքն իրեն գլխի շրջանում պատճառել է հրազենային մահացու վիրավորում: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: