Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեր քաղաքական դաշտում, ընդ որում` ե\'ւ ընդդիմադիր, ե\'ւ իշխանական, գաղտնիք չէ, որ կան մարդիկ, որոնց տեսնելիս կամ որոնց ելույթները լսելիս բացականչում ես` վախ, մամա\' ջան: Ընդ որում` մեկի համար «վախ, մամա\' ջան է», երբ պատգամավոր Առաքել Մովսիսյանն է մոտենում ԱԺ ամբիոնին` ելույթ ունենալու, ենթադրենք` բյուջեի հետ կապված, մեկ ուրիշի համար` երբ Գագիկ Ջհանգիրյանն է խոսում արդարադատությունից եւ դատախազության թափանցիկ աշխատանքից:
Այս համատեքստում զարմանալի չէ, որ, օրինակ, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի համար Լեւոն Զուրաբյանը «վախ, մամա\' ջան» շարքի գործիչներից է: Այսօր, երբ նախարար Հովհաննիսյանը կառավարության օրինագիծը ներկայացրել է խորհրդարանին, պատգամավոր Լեւոն Զուրաբյանը հարց է ուղղել նրան, եւ մինչ պատգամավորը կհնչեցներ իր հարցը, նախարարը քթի տակ ասել է` վախ, մամա\' ջան:
Անկեղծ ասած` ես չգիտեմ, թե այս պարագայում որն է նախարարի մեղքը, թերեւս միայն այն, որ չի ստուգել` արդյո՞ք անջատված է իր միկրոֆոնը: Քանի որ, եթե այն անջատված լիներ, ապա Արփինե Հովհաննիսյանի արտասանած` «վախ, մամա\' ջան»-ը կլսեր միայն ինքը` նախարարը, գուցե նաև նրա հետեւում նստած` ԱԺ նիստը վարող փոխնախագահ Շարմազանովը, ուրիշ` ոչ ոք, այսինքն` լրագրողները դա չէին լսի: Հիմա լսել են: Լսելը քիչ է, նյութեր են գրել: Չի բացառվում, որ շուտով վերլուծական հոդվածներ հայտնվեն` բացահայտող, թե ի՞նչ հիմքով է Արփինե Հովհաննիսյանը բացականչել` «վախ, մամա\' ջան», եւ որ ամենակարեւորն է` «վախ, մամա\' ջան» բացականչությունը քաղաքական ինչ կատեգորիա է, դիվանագիտական-քաղաքական լեզվից թարգմանաբար ինչ է նշանակում:
Սա լուրջ չէ, ժողովո\'ւրդ, գործընկերնե\'ր, տիկնա\'յք եւ պարոնա\'յք, սա լուրջ չէ մեկ պարզ պատճառով` մեր երկրում կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնց տեսնելիս, առավել եւս լսելիս ուզում ես բացականչել` վախ, մամա\' ջան, կամ եթե «քյարթու» ես` վախ, հորս արեւ, անկախ նրանից` դու սովորական լրագրող ես, թե` արդարադատության նախարար:
Հովիկ Աֆյան