կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-11 22:27
Հասարակություն

Վարուժան Այվազյանի հոգեհանգիստը` վաղը

Վարուժան Այվազյանի հոգեհանգիստը` վաղը

«Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր Վարուժան Այվազյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 12-ին ժամը 17:00-ին՝ Երևանի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ գտնվող «Մուշ» սգո սրահում: Վերջին հրաժեշտը՝ փետրվարի 13-ին՝ 13:00-ին, նույնպես «Մուշ» սգո սրահից: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:

Փետրվարի 11-ին Երևանում կյանքի 58-րդ տարում վախճանվել է հայ արձակագիր, ՀԳՄ անդամ, «Գարուն» գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագիր Վարուժան Այվազյանը:

Վարուժան Այվազյանը ծնվել է 1958 թ. մայիսի 29-ին Վրաստանի Ծալկայի շրջանի Այազմա գյուղում: 1985 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:

 1985-1987 թթ. աշխատել է «Պիոներ» /այժմ՝ «Աղբյուր» / ամսագրի խմբագրությունում: 1987 թվականից՝ «Գարուն» ամսագրի խմբագրությունում որպես գրական աշխատող, պատասխանատու քարտուղար /1991-ից/, գլխավոր խմբագրի տեղակալ /1993-ից/: 2002 թվականից « Գարուն»  ամսագրի գլխավոր խմբագիրն էր, 1993-ից՝ նաև ամսագրին կից «Ապոլոն»  հրատարակչության գլխավոր խմբագիրը:

 Վ.Այվազյանի պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Հին ահ» խորագրով, հրատարակվել է 1991 թվականին: Այնուհետև լույս են տեսել « Ճանճի ամիսը»  /1998/, «Համեմատական կենսագրություններ» /2004/ վեպերը, «Առավոտ պայծառ, զվարթ ծիրանի« /2003/ մանկապատանեկան պատմվածքների, «Պատմություն ճնճղկանը, որ ավելի քան երեք անգամ կանգնեց Տիրոջ աջ ձեռքին»  /2009/ արձակ գործերի, «Անխարիսխ և անհենարան՝ երկրագնդի նման»  /2007/ հարցազրույցների ու էսսեների ժողովածուները:

 «Պատմություն մեծն Կովկասի»  վեպը 2009 թվականին /անտիպ, տպագրվել է 2013 թ./ արժանացել է Ռուսաստանի հայերի միության և ՀԳՄ «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության հատուկ մրցանակին:

 Վարուժան Այվազյանի՝ ինքնատիպ գրողի, լրագրողի, գրական անբասիր գործչի, ճշմարիտ մտավորականի հիշատակը վառ կմնա նրա հարազատների ու մտերիմների, գործընկերների, բազմաթիվ ընթերցողների սրտերում: