կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-08 18:25
Հասարակություն

Հենց մի քիչ ձյուն ենք տեսնում, խառնվում ենք իրար. քաղաքապետարանի աշխատակից

Հենց մի քիչ ձյուն ենք տեսնում, խառնվում ենք իրար. քաղաքապետարանի աշխատակից

Երևանի քաղաքապետարանն այս անգամ գոհ է «Սանիտեք»-ի աշխատանքից, քանի որ տեղացող ձյան պայմաններում աշխատել են պատշաճ.  Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:

«Չդադարող տեղումների պարագայում հնարավոր չէ իդեալական մաքուր տարածք ապահովել: Աշխարհում որևէ երկրում տեղումներից հետո իդեալական փողոց չկա: Ցանված է աղ և ավազ, փողոցները մշակված են, այդ աշխատանքն իրականացվում է սահմանված նորմերով»,- ասաց նա` հավելելով. «Եթե ունենայինք սառցակալած փոողոցներ, անանացանելի վիճակ, այդ ժամանակ կարող էիք ասել, որ կա անփույթ կամ ոչ բարեխիղճ աշխատանք, բայց  մարդիկ կատարել են իրենց աշխատանքը»:

Խոսելով երևանյան բարձրադիր հատվածների ճանապարհների մասին` Գևորգյանը նշեց. «Մենք հենց մի քիչ ձյուն ենք տեսնում, խառնվում ենք իրար: Խառնվելու կարիք չկա, «Սանիտեք»-ն ասում  է` ձյան դադարից հետո կապահովեն տեսանելի արդյունք, ուրեմն սպասենք, որ մարդիկ ապահովեն»:

Ըստ մեր զրուցակցի` պետք է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ ձյուն մաքրող մեխանիզմները գործի դնելու համար էլ պետք են բավարար եղանակային պայմաններ: «Հնարավոր է` պայմանականորեն 5 սանտիմետրի դեպքում  է նպատակահարմար մեխանիզմը հանել և սկսել այդ ձյունը քերել: Չպետք է վնասենք նաև ասֆալտը: Այսինքն` այստեղ կա մասնագիտական մոտեցում, այս ամենը ենթադրում է մասնագիտական մոտեցում»,- ընդգծեց նա: