Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Վարչապետը ողջունել է տիկին Խիդաշելիի այցը Հայաստան և նշել, որ նման մակարդակի այցելությունները նպաստում են երկու հարևան պետությունների և ժողովուրդների հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Ընդգծելով, որ Հայաստանի և Վրաստանի քաղաքական ու տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր հիմքերի վրա՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է համագործակցության զարգացումը նաև պաշտպանական ոլորտում, ինչը կամրապնդի ինչպես երկու բարեկամ պետությունների, այնպես էլ ողջ տարածաշրջանի անվտանգությունը: Վարչապետ Աբրահամյանի խոսքով՝ աշխարհաքաղաքական ներկայիս դժվար իրավիճակի հետևանքով առաջացող մարտահրավերներին դիմագրավելու համատեքստում պաշտպանության և անվտանգության ոլորտում փոխգործակցությունը դարձել է ոչ միայն արդիական, այլ նաև հրամայական:
Տիկին Խիդաշելին շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել, որ պաշտպանական բնագավառում Հայաստանի ու Վրաստանի փոխգործակցությունը ծավալվում է ոչ միայն երկկողմ ձևաչափում, այլ նաև ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության շրջանակում: Վրաստանի պաշտպանության նախարարը կարևորել է տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը և խաղաղության ապահովումը:
Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Թինաթին Խիդաշելին մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: