կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-30 12:36
Մշակույթ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը մեկ տարեկան է

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը մեկ տարեկան է

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը մեկ տարեկան է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի ղեկավար, կոմիտասագետ Մհեր Նավոյանը նշեց, որ 2016-ին նախատեսվում է ամբողջությամբ ավարտել Կոմիտասի ստեղծագործական ժառանգության թվայնացումը:

«Կոմիտասի ժառանգության թվայնացումն իրականացվում է  Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի հետ, քանի որ Կոմիտասի արխիվն այդտեղ է պահվում: Շատ եմ կարևորում նաև շուրջ մեկ տասնյակի հասնող գիտական հրապարակումները` Կոմիտասի կյանքի և գործունեության մասին մանրամասներ ներկայացնող: 2015-ին նաև դասախոսություններ ենք արել` Կոմիտասի ժառանգությւոնը հասարակությանը մատչելի լեզվով ներկայացնելու համար»,- ասաց Նավոյանը:

Ըստ նրա` 2016-ին շարունակվելու են Կոմիտասի ստեղծագործությունների տարածման աշխատանքները, կլինեն գիտաժողովներ, դասախոսություններ…

Թանգարանի հիմնադրման մեկամյակի առթիվ երեկ թանգարան-ինստիտուտում բացվեց Քեթրին Քուքի (ԱՄՆ) «Ծառերի հիշողություն» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցանմուշներն արծարծում են Հայոց ցեղասպանության թեման: Հեղինակը տարբեր երկրներում լուսանկարել է Մեծ եղեռնի լուռ վկա դարձած տեղանքն ու վերապրածներին: Ցուցադրությունը կգործի մինչև ապրիլի 29-ը, ամեն օր /բացի չորեքշաբթի օրերից/:

Ցուցահանդեսի բացման արարողությանը հաջորդեց դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգը: Հնչեցին Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Հարություն Դելլալյանի, Հայկ Մելիքյանի և Տաթև Ամիրյանի ստեղծագործությունները: