կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-27 14:42
Քաղաքական

Հանուն պետության` ՀՅԴ-ն պատրաստ է եղել անգամ Տեր-Պետրոսյանի հետ բանակցել

Հանուն պետության` ՀՅԴ-ն պատրաստ է եղել անգամ Տեր-Պետրոսյանի հետ բանակցել

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն անդրադարձավ ներքաղաքական որոշ թեմաների, մասնավորապես` իշխանությունների հետ ՀՅԴ-ի համագործակցության հարցին:

«Եթե Դաշնակցությանը մինչև հիմա չեք ճանաչում, ապա կասեմ` Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, երբ մեր ընկերները բանտում էին, իսկ մեր կուսակցությունն արգելված էր, մենք պատրաստ ենք եղել անգամ այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ գործակցել այնպիսի հարցերի շուրջ, որոնք պետության շահերից են բխում: Ցանկացած իշխանության հետ պատրաստ ենք գործակցել, եթե այդ իշխանության քաղաքականությունն ու մեր քաղաքականությունը առնվազն որոշ կարևոր խնդիրներում նույնն են»,- ասաց նա:

Կիրո Մանոյանը հավելեց, որ Դաշնակցությունը չի ձգտում պաշտոնների, և ներկայումս քննարկվում են իշխանության հետ համագործակցելու ձևաչափի հարցերը:

Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ ձևաչափը կոալիցիա չլինի, նա պատասխանեց, որ հնարավոր է` կոալիցիա չլինի, այլ համագործակցություն լինի:

 «Գործակցությունը կախված է նրանից, թե  ինչ պայմաններ կառաջարկի իշխանությունը: Գործակցելու առաջարկն իշխանությունից է եկել: Թե ինչո՞ւ են առաջարկել, դա էլ նրանցից հարցրեք»,- ասաց Կիրո Մանոյանը՝ հավելելով, որ Դաշնակցությունը չի կիսում որոշ քաղաքական ուժերի այն մոտեցումը, որ եթե ուզում ես  ընդդիմության վկայական ունենալ, ապա պետք է առավոտից իրիկուն հայհոյես իշխանություններին: