կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-23 11:00
Իրավական

ԱԱԾ-ն պարզել է, թե ՊՆ նախկին պաշտոնյան կոնկրետ ինչ տեղեկություններ է տրամադրել հակառակորդին

ԱԱԾ-ն պարզել է, թե ՊՆ նախկին պաշտոնյան կոնկրետ ինչ տեղեկություններ է տրամադրել հակառակորդին

Yerkir.am-ի տեղեկություններով՝ ՊՆ-ից ստացված հարցման պատասխաններով՝ ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ պետական դավաճանության մեջ մեղադրվող` ՊՆ նախկին պաշտոնյա, մայոր Գարիկ Մարությանը հակառակորդին ոչ միայն պետական, այլև ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ է տրամադրել, իսկ համակարգչատեխնիկական փորձաքննության արդյունքներով պարզվել է, թե կոնկրետ ի՞նչ տեղեկատվություն է տրամադրվել: 

Yerkir.am-ն այս կապակցությամբ պաշտոնական մեկնաբանություն ստանալու, ինչպես նաև գործի ընթացքի վերաբերյալ այլ տեղեկություններ ստանալու ակնկալիքով գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԱԾ: Հետաքրքրվել էինք նաև` արդյո՞ք ստացվել են այս գործով նշանակված համակարգչատեխնիկական փորձաքննության արդյունքները, եթե` այո, ապա ի՞նչ է պարզվել, նաև` արդյո՞ք այս գործով այլ կասկածյալ կամ ձերբակալված անձ կա, ով օժանդակել է ենթադրյալ հանցագործին կամ համագործակցել է նրա հետ:

Ի պատասխան մեր գրավոր հարցման՝ ՀՀ ԱԱԾ-ից բանավոր կերպով տեղեկացրին, որ մեր հարցման մեջ բարձրացված հարցերը նախաքննական գաղտնիք են պարունակում և հրապարակման ենթակա չեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, 2015թ. դեկտեմբերի 4-ին ձերբակալվել էր Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր՝ 38-ամյա Գարիկ Մարությանը:

Ըստ նախաքննական մարմնի՝ Մարությանը, երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնները, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ և վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ: Հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և Գ. Մարությանին առաջադրվել է մեղադրանք պետական դավաճանության համար: Կատարվում է նախաքննություն: