կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-18 15:30
Քաղաքական

«ԵԽԽՎ-ն վերջնականապես վերածվում է շաբաշ վերցնող պարուհու»

«ԵԽԽՎ-ն վերջնականապես վերածվում է շաբաշ վերցնող պարուհու»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում 2016 թվականի հունվարի 26-ին պետք է քվերակության դրվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու որոշման նախագիծ`«Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից»: ԱԺ ԲՀԿ խմբակցության մամուլի քարտուղար Վահան Բաբայանը, ով ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ է, Yerkir.am-ի հետ զրույցում  վստահեցրեց, որ  ոչ միայն պատվիրակության անդամները, այլ նաև բոլոր այն պատգամավորները, ովքեր կարող են օժանդակել այս հարցում, զբաղված են այս գործընթացքով և ամեն ինչ անում են, որ հակահայկական զեկույցները կյանքի չկոչվեն:

«Չէի ուզենա այս պահին փակագծեր բացել, թե ինչպիսի հնարավոր և անհնարին աշխատանքեր են կատարվում: Սա այն հարցը չէ, որ հրապարակային  պետք է ասել, թե կոնկրետ ինչ աշխատանք է տարվում այս ուղղությամբ: Քվերակությունից հետո նոր կանդրադառնանք  մեր աշխատանքներին և իրավիճակներին»,- ասաց Բաբայանը:

Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 4-ին Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին ձայների 24 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ, հավանության է տրվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցին:

Սրանից անմիջապես հետո տարբեր փորձագիտական շրջանակների կողմից  շրջանառության մեջ դրվեցին գործողությունների տարբեր սցենարներ` ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության` հունվարյան նստաշրջանը բոյկոտելու տարբերակ`ցույց տալու, որ հայկական կողմը դժգոհ է եվրոպական` ժողովրդավարություն քարոզող կառույցի գործունեությունից, պատվիրակության կազմի փոփոխության հարց և այլն: Ի դեպ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, անդրադառնալով այն տեսակետին, թե այս հակահայկական զեկույցների ընդունումը հայկական պատվիրակության վատ աշխատանքի արդյունք է, մեկ անգամ չէ, որ նշել է, թե ինքը կառչած չէ որևէ պաշտոնից և պատրաստ է իր տեղը զիջել այն մեկին, ով ավելի արդյունավետ կարող է աշխատել այն պայմաններում, ինչ պայմաններում, որ իրենք են աշխատում: Պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ նույն բովանդակության հայտարարություններ բազմաթիվ անգամներ է արել:

Ինչևէ, որ տարբերակն էր ավելի արդյունավետ, ցույց կտա ժամանակը, բայց  եթե, այդուամենայնիվ, հայկական պատվիրակության ջանքերը հաջողությամբ չպսակվեն և վերոնշյալ երկու հակահայկական զեկույցները կյանքի կոչվեն և դառնան բանաձև, ի՞նչ ազդեցություն կարող  է ունենալ դա ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դա որևէ պրակտիկ ազդեցություն կոնկրետ իրավիճակի վրա կամ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման վրա  չի ունենա, քանի որ դրանք պարտադիր ուժ չունեն:

«Ազդեցությունը լինելու է հետևյանը: ԵԽԽՎ-ն ամբողջությամբ արժեզրկվելու է: Որպես ժողովրդավարական կառույց` կարելի է ասել իր իսկ ճակատագիրը ստորագրելու է: ԵԽԽՎ-ն եթե իսկապես այդ բանաձևերն ընդունի, կվերածվի արևելյան շուկայի կամ հարսանյանց հանդեսի, որտեղ ով շաբաշ է տալիս և ով վերցնում է այդ շաբաշը, պարում է այն երգի տակ,  որը նրան պատվիրում են: Մենք  չենք ուզում, որ ԵԽԽՎ-ն վերածվի այդպիսի կառույցի, բայց, դժբախտաբար, կան որոշ զարգացումներ, որոնք ցույց են տալիս, որ այդտեղ լուրջ, բարդ գործընթացներ են ընթանում և այդ  կոռուպցիան, փաստորեն, ներթափանցում է ԵԽԽՎ»,- ասաց Բաբայանը` հավելելով, որ միլիոնավոր դոլարների մասին է խոսքը: «Մի բանով լավ է, որ Ադրբեջանը վատնում է իր փողերը, առանց այն էլ իրենք վատ վիճակում են, բայց մյուս կողմից էլ վատ է, որ  ժողովրդավարության ջատագով կոչված կառույցներից մեկը վերջնականապես վերածվում է շաբաշ վերցնող պարուհիների և պարողների: Մենք չենք ուզում, որ այդպիսի բան լինի: Ժամանակը ցույց կտա: Կրկնում եմ, մենք մինչև վերջ պայքարելու ենք,  որ այդ աննորմալ, պատվիրված, կեղծ բանաձևերը չանցնեն, չդառնան փաստաթուղթ, բայց  եթե անցնեն, սա կլինի ԵԽԽՎ-ի համար իր իսկ  սեփական ճակատագրի կարևորագույն բացասական զարգացումը: Ինքը, փաստորեն, իր  ճակատագիրը կկնքի դրանով»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը: