Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ուլիս-Երևան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ՝ կալանավորված Գագիկ Սիմոնյանը չի կատարել այնպիսի արարք, որն արգելված է ՀՀ քրեական օրենսգրքով. այսօր լրագրողներին ասաց Սիմոնյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը:
Փաստաբանը նշեց, որ նախաքննություն է ընթանում, գործի մասին այլ մանրամասներ չի կարող հայտնել, հանրությանը հուզող հարցերի պատասխանը ժամանակին կտրվի:
«Գործին ամբողջության ծանոթ չեմ, բայց պաշտպանյալի հետ եմ խոսել, և նա տվյալ խաղի հետ կապված ոչ մի հակաօրինական գործառույթ չի իրականացրել: Նա ոչ մի խաղադրույք չի կատարել, ոչ մեկի հետ չի համագործակցել, և օբյեկտիվ նախաքննությունից հետո այդ ամենը կպարզենք: Ես լիազորված եմ հայտարարել, որ խաղադրույք չի կատարել և ցուցում էլ չի տվել երրորդ անձի՝ կատարել խաղադրույք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է արհեստավարժ մարզամրցումների մասնակիցների ու կազմակերպիչների կողմից կաշառք ստանալու դեպք: 2015 թվականի նոյեմբերին հայկական Ֆուտբոլային «Ուլիս-Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը և մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը, հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ և, ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց և առանձին ֆուտբոլիստների միջև: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով:
«Ուլիս-Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը և ադմինիստրատոր Արա Ազարյանը կալանավորված են, 11.01.2016թ.-ին նաև ձերբակալվել են մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը և ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը: Նախաքննությունը շարունակվում է: