Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի զրուցակիցն է երաժիշտ-երգահան Արտավազդ Բայաթյանը:
-Ձմեռ պապը նվերներ է բերում ու դատարկ պարկով հեռանում: Կուզեի՞ք` հետը մի բան տաներ, գցեր պարկի մեջ ու տաներ:
-Մի քիչ սիրուն չի լինի, որ Ձմեռ պապին ասենք` ինչքան վատ բաներ կան` կեղծավոր, սուտ, ինչքան անպետք բաներ կան, վերցրու տար: Ձմեռ պապին մեղք է, մենք ենք դիմանում, Ձմեռ պապը չի դիմանա:
-Ի՞նչ կուզեիք շահել վիճակախաղով:
-Լավ կլիներ` մի մեծ գումար շահեի, որն էլ իմ հայեցողությամբ տնօրինեի: Գուցե տուն կամ ավտոմեքենա գնեի: Չնայած ավելի շատ կուզեի մեկնել շրջագայության. ավելի ցանկալի կլիներ` մի քանի ամիս իմ ուզած վայրերում հայտնվեի ու տեսնեի դրանք իմ աչքերով:
-2016-ը կապիկի տարի է. մեր բաժին բանանին հասնելու համար դեռ շա՞տ պետք է ծառից ծառ թռչկոտենք:
-Կարծում եմ` մենք պետք է նախ մեր ախորժակը սանձենք, ավելի համեստ նայենք ամեն ինչին ու ավելի իրատես դառնանք` աչքածակությունից հրաժարվենք, այլ ոչ թե` ուտեմ-ուտեմ` մինչ պայթեմ: Երևի մի քիչ ավելի հաճախ պետք է հիշենք մեր կողքի մարդկանց, կարիքավորներին, մեր հարազատներին մի քիչ սեր տանք, փորձենք ձեռք մեկնել նրանց, ովքեր ինչ-որ բանի կարիք ունեն, այսինքն` մարդավարի վիճակի գանք: Դա էլ մեր բանանին հասնելու ուղին է: Դա մեզ կօգնի ու կփրկի: Ի վերջո, մենք հանկարծ կհայտնաբերենք մեր սիրտը, քանի որ մեծամասնությունն արդեն մոռացել է դրա տեղը: Մեր օրերում մարդիկ ինֆարկտ են ստանում, նոր իմանում են` որտեղ է սիրտը:
-Դարվինի տեսության համաձայն` մարդիկ առաջացել են կապիկից: Ի՞նչ եք կարծում, 2016-ին ականատես կլինե՞նք այդ տեսության` «կյանքի կոչվելուն», այսինքն` թե ինչպես են կապիկները մարդ դառնում:
-Հիմա մարդն աշխույժ տեմպերով հետ է գնում, դեգրադացվում է ամեն ինչ: Այն, ինչին ականատես ենք` անհասկանալի պատերազմներ, տեռորներ, ես կարծում եմ` ստեղծված բաներ են, այսինքն` ֆինանսավորում են և պատերազմ ստեղծում: Տիրող անբարոյականությունը կապիկ լինելուց ավելի վատ է: Կարծում եմ` այո, կարող ենք դարվինիզմի տեսության ապացույցները տեսնել, քանի որ կան մարդիկ, որոնք իսկապես շատ մոտ են կապիկին` կապիկություն են անում, բայց անընդհատ ուզում են մեզ համոզել, որ մարդ են: Կապիկություն անողները շատ-շատ են, և ամենուր կարող եք հանդիպել` ամենացածր մակարդակից մինչև ամենաբարձրը, նույնիսկ` արվեստագետներ կան կապիկներ, քաղաքական գործիչների մեջ` էլ չասեմ: Նրանք, ճիշտ է, արտաքնապես նման չեն կապիկի, բայց ներքուստ կապիկի «պարունակություն» ունեն:
-Եթե լիներ «Տարվա լավագույն կապիկ» անվանակարգը, շատե՞րը կհավակնեին դրան:
-Այո, շատ-շատերը: Համենայն դեպս, մեր երեսփոխաններից մի քանի տասնյակ հոգի հանգիստ կարող էին հավակնել այդ մրցանակին:
***
Կուզեի` այս տարի լիներ ազնվության տարի. մի քիչ ազնիվ լինենք ինքներս մեր հանդեպ: