կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-19 18:52
Հասարակություն

Մահացել է Սարգիս Մուրադխանյանը

Մահացել է Սարգիս Մուրադխանյանը

Նոյեմբերի 19-ին 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Մուրադխանյանը. տեղեկացնում է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը։

Այլևս մեզ հետ չէ բարեխիղճ և ազնիվ մարդը, մեր երկրի հարգարժան քաղաքացին:

Սարգիս Մուրադխանյանը ծնվել է 1948 թվականի հունվարի 20-ին: 1971-75 թթ-ին սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-աշխարհագրական ֆակուլտետում, 1984-88 թթ-ին` ԽՄԿԿ ԿԿ առընթեր Բաքվի բարձրագույն կուսակցական դպրոցում (հեռակա):

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1966 թվականից՝ սկզբում աշխատելով Երևանի ֆրեզերային հաստոցների գործարանում, այնուհետև նաև էլեկտրալամպերի գործարանում:


1967-69 թթ-ին ծառայել է Խորհրդային բանակում:

Ինստիտուտում ուսումնառության տարիներին՝ 1971-75 թվականներին, ԿԱՆԱԶ-ի մշակույթի պալատի փողային նվագախմբի ղեկավարն է եղել: ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո՝ 1975-76 թթ-ին, աշխատել է Երևանի թիվ 162 միջնակարգ դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ, իսկ 1976-77 թթ-ին` Երևանի Դ. Վարուժանի անվ. թիվ 89 միջնակարգ դպրոցի տնօրենի տեղակալ:

1977 թվականից անցել է կուսակցական աշխատանքի՝ ՀԿԿ Շահումյանի շրջկոմում՝ որպես հրահանգիչ, բաժնի վարիչի տեղակալ, ՀԿԿ Երևանի Քաղկոմում՝ հրահանգիչ` առաջին քարտուղարի օգնական, 1983-90 թթ-ին` ՀԿԿ Երևանի 26 կոմիսարների շրջկոմ, քարտուղար:

1991-92 թթ-ին աշխատել է ՀԱՅԿՈՈՊ վարչությունում՝ որպես գրքի առևտրի բաժնի պետ, 1992-2002 թթ-ին` ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության «Բիզնես կենտրոն» պետական ձեռնարկությունում, այնուհետև տնօրեն:

Հասարակական-քաղաքական գործունեություն ծավալել է 1971-73 թթ-ին՝ իրականացնելով Երևանի Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-աշխարհագրական ֆակուլտետի ԼԿԵՄ կոմիտեի երկրորդ, ապա առաջին քարտուղարի գործառույթներ: 1973-75 թթ-ին եղել է Երևանի Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար: 1973 թ-ին Կապանում եղել է Վահանավանքի վերականգնման ուսանողական շինարարական ջոկատի հրամանատար:

1997թ-ին ընդունվել է «Ազգային միաբանություն» կուսակցության շարքերը: 2000 թ-ին ընտրվել է «Ազգային միաբանություն» կուսակցության Երևանի քաղաքային կազմակերպության նախագահ, 2003 թ-ից.` «Ազգային միաբանություն» կուսակցություն, փոխնախագահ:

Մամուլում տպագրված մի քանի տասնյակ հոդվածների հեղինակ է:

2012 թ-ի հունիսի 22-ից աշխատում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում՝ որպես խորհրդի անդամ:

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անձնակազմը, Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի աշխատակիցներն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Սարգիս Մուրադխանյանի հարազատներին և ընկերներին, սգում իրենց վստահելի, նվիրված և փորձառու գործընկերոջ կորուստը: