Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջերս Հայաստանում էր Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Քանի որ բարձրաստիճան տիկինը մեր երկիր առաջին անգամ չէր ժամանել, նրան Գառնի-Գեղարդ-Սեւան տանելու կարիք չկար, եւ Հայաստանի տեսարժան վայրերի փոխարեն, տիկին Մատվիենկոն իր` Երեւանում անցկացրած ժամանակի մեծ մասն անցկացրել է ՀՀ ԱԺ-ում: Հենց այնտեղ էլ, ռուսաստանցի պաշտոնյան հանդիպել է խորհրդարանի նախագահին, պատգամավորների, որոնցից ոմանք, օրինակ` Լեւոն Զուրաբյանը, հնարավորություն են ունեցել հարցեր տալու` Դաշնային խորհրդի նախագահին: Զուրաբյանը, ով հայտնի է, որ «Ոչ» է ասում սահմանադրական փոփոխություններին, տիկին Մատվիենկոյից հետաքրքրվել է. «Լավ, չե՞ք կարողանում մի հատ լավ խորհուրդ տաք Ձեր հայ ընկերներին, որ նույնքան խնայողաբար մոտենան Սահմանադրությանը, ինչպես դուք եք մոտենում ձեր Սահմանադրությանը»:
Ճիշտ է, ավելի ուշ, «Ազատության» հետ զրույցում, Զուրաբյանն ասել է, որ ինքը այս մասին տիկին Մատվիենկոյից հետաքրքրվել է կատակով, բայց նման տեղերում եւ նման մարդկանց հետ կատակ չեն անում, բացի այդ` Սահմանադրության թեմայով եւ վերջինիս հետ կապված կատակ չեն անում: Պատահական չէ, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը շատ էլ լուրջ է պատասխանել Զուրաբյանի հարցին, ասելով, թե Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները հայ ժողովրդի որոշելիքն են, եւ Ռուսաստանն այստեղ որեւէ դիրքորոշում չունի: Բայց ի՞նչ է ստացվում, փաստորեն, սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես եկողները, կոնկրետ ՀԱԿ-ը, անձամբ` Զուրաբյանը հրաշալի հասկանում են կամ հասկանում է, որ իրենք` միայն իրենց ուժերով չեն կարող խոչընդոտել այդ փոփոխությունների անցկացմանը եւ ահա, կատակով, դիմում են Ռուսաստանի օգնությանը: Սա ուշագրավ է նաեւ այն համատեքստում, որ փոփոխություններին «Ոչ» ասող այսօրվա ընդդիմադիրներից շատերը, այդ թվում` Զուրաբյանն ի դեպ, բազմիցս են այլ առիթներով գործող իշխանությանը մեղադրել «Կրեմլի խամաճիկը», «Պուտինի վկան», «Ռուսաստանի ֆորպոստը» լինելու կամ դառնալու մեջ:
Իսկ հիմա, երբ նրանք կամ նրանց երիտթեւը ամեն տեղ հայտարարում են, թե «Պուտինը եւս «Ոչ» է ասում սահմանադրական փոփոխություններին», կամ «Պուտինը թույլ չի տալու, որ փոփոխություններն անցնեն», կամ «Պուտինը` Սերժին ոչ է ասում»,… Նրանք ի՞նչ են անում, կամ ի՞նչ են դառնում, կամ ի՞նչ են ուզում, կամ ումի՞ց են ուզում, ումո՞վ են ուզում…
Երբ որեւէ երկրի իշխանություն դառնում է մեկ այլ երկրի իշխանության խամաճիկը, ապա այդ երկիրը ներկա չունի, իսկ, երբ որեւէ երկրի ընդդիմությունն է դառնում մեկ այլ երկրի իշխանության խամաճիկը, այդ երկիրը ապագա չունի: Բայց մեր երկիրը ապագա ունի, որովհետեւ ՀԱԿ-ը ընդդիմություն չէ, ՀԱԿ-ը բնավորություն է, տեսակ: Նեղանալ չլինի, ինչպես Զուրաբյանը, այնպես էլ մենք` կատակով ասացինք:
Հովիկ Աֆյան