կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-03 13:45
Հասարակություն

Ինչ է պարզվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողական քննության արդյունքում. պարզաբանում է նախարարը

Ինչ է պարզվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողական քննության արդյունքում. պարզաբանում է նախարարը

Իրականում շատ վաղուց կան քրեակատարողական հիմնարկներ, որոնք շահագործվում են խորհրդային տարիներից, և դատապարտյալների հետ կապված խնդիրներ էլ կան,  մասնավորապես՝ գերբեռնվածության խնդիր. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով`պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված խնդիրը պիտի լրջորեն և ամբողջապես վերանայվի: «Ես մի քանի օր առաջ հանձնարարական եմ տվել, որպեսզի քրեակատարողական հիմնարկների ինստիտուտի հետ կապված վերանայում և փոխակերպում տեղի ունենա: Պետք է հստակեցվեն չափանիշները: Որակական չափանիշների վերանայման հետ կապված՝ մենք պատրաստվում ենք օրենսդրական փոփոխություններ անել»,- ասաց նախարարը:

Հարցին՝ Ձեր պաշտոնավարման ժամանակ տեղի ունեցավ նախադեպ, և ցմահ ազատազրկվածն ազատ արձակվեց, մնացած ցմահ դատապարտվածների հետ կապված նախարարությունն ի՞նչ գործունեություն է պատրաստվում իրականացնել, Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա եղավ իմ պաշտոնավարման ժամանակ, բայց ես պետք է հստակեցնեմ՝ անձի վաղաժամկետ ազատման խնդիրը քննարկվում է: Արդարադատության նախարարությունը պատասխանատու է ցմահ ազատազրկման դատապարտվածների պատժի կրման պայմանների համար և ոչ թե տարբեր ինստիտուտների գործադրման համար»:

Նախարարի խոսքով`ցմահ դատապարտվածների հետ կապված կան որոշակի նախաձեռնություններ, որոնք ընդհանուր վիճակի բարելավման համար են: «Խոսքը վերաբերում է ցմահ ազատազրկման դատապարտվածների տեսակցությունների քանակի ավելացմանը, երկրորդը ենթադրում է ազատազրկման դատապարտվածների դեպքում ռեժիմի որոշակի փոփոխություն իրականացնել»,- ասաց նախարարը:

Դիտարկմանը, թե Վոլոդյա Ավետիսյանը խնդրում է հանդիպում իր հետ, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես տեղյակ եմ այդ խնդրից: Իրականում արդարադատության նախարարությունը պայմանական վաղաժամկետ ազատման հարցում որևէ լիազորություն չունի: Այն անկախ հանձնաժողովը, որ գործում է, դա նախարարության վերահսկողությունից դուրս է: Ինչ վերաբերում է պայմանական վաղաժամկետի հետ կապված գործադրմանը, ասեմ, որ որոշակի քայլեր պատրաստվում ենք անել»:

Պատասխանելով հարցին, թե հայտնի՞ են, արդյոք, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողական քննության արդյունքները, Հովհաննիսյանը նշեց. «Ես բոլորիդ պետք է հավաստիացնեմ, որ քննությունն ավարտվել է, և պիտի նշեմ, որ շատ մանրամասն ուսումնասիրվել են դատապարտյալների գրավոր և բանավոր հայտարությունները, հավաստիացումները, հերքումները, տեղեկությունները: Ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ ծառայողական քննության արդյունքում պարզել ենք, որ որևէ դատապարտյալի նկատմամբ որևէ բռնության դեպք չի եղել»: