Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընկերություններում ստուգումների արդյունքներին: Պատգամավորը նշեց, որ իր ելույթը դարձյալ վերաբերում է Սերժ Սարգսյանի` փետրվարի 12-ի հայտնի ելույթին, որի ընթացքում նախագահն ակնարկեց, որ Գագիկ Ծառուկյանը միլիարդավոր դրամների հարկեր չի վճարում, և վարչապետ Հովիկ Աբրահամյանին հանձնարարեց ստուգումներ իրականացնել ու թափանցիկ գործել:
Փաշինյանը Հովիկ Աբրահամյանին հիշեցրեց, որ հենց այդ ժամանակ է հնչել նրա` բամփելու մասին ելույթը: Նաև ասաց, որ ինքը մի քանի անգամ անդրադարձել է այս հարցին, սակայն իր հարցերին որևէ կոնկրետ պատասխան չի տրվել, փոխարենը խոստումներ են եղել, որ ստուգումների արդյունքները պատրաստ կլինեն մի քանի օրից:
«Այդ մի քանի օրվանից հետո շուրջ 4 ամիս է անցել, և օրենքով նախատեսված բոլոր հնարավոր ժամկետները սպառվել են: Ուզում եմ իմանալ, թե Սերժ Սարգսյանը ճի՞շտ էր ասում, արդյոք, թե՞ զրպարտում էր Գագիկ Ծառուկյանին: Վերջերս մի բան էլ է մտքովս անցել, որ Սերժ Սարգսյանն ուզում է սեպ խրել Ձեր և Ձեր սիրելի խնամու միջև: Հանձնարարում է բամփել, բայց վերջերս նրան հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալով է պարգևատրում: Ծառուկյանին քրեական հանցագործությունների մեջ էին մեղադրում: Ախր այս ամենի համար մեկը հանրությունից պե՞տք է ներողություն խնդրի, թե՞ շարունակենք ուրախ ապրել: Խոսքը կառավարության և իշխանության մասին է, չնայած հանրությունն էլ, ձեր ֆոնին, ուրախ է ապրում»,- ասաց Փաշինյանը:
Նրա հարցին պատասխանեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: «Ես կպատասխանեմ շատ կարճ: Վարչապետի հանձնարարությամբ ստուգման և ուսումնասիրման արդյունքներն ընթացքի մեջ են: Կարևորությունը և ծավալուն լինելը հաշվի առնելով` տեղեկությունը կարող է հրապարակվել ստուգումների ավարտից հետո»,- ասաց նա:
Հարությունյանն անդրադարձավ նաև Գագիկ Ծառուկյանին պատասխանատվության չենթարկելու փաստին: Նա նշեց, որ իրավապահ մարմինների կողմից գործ չհարուցելը պայմանավորված է նրանով, որ փաստ չի հայտնաբերվել: