Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իրեն ծեծի ենթարկելու փաստին: Հակոբյանը պնդում է, որ իր հետ տեղի ունեցածը քաղաքական հաշվեհարդար էր:
«Փա՛ռք Աստծո, բախտս բերեց, կենդանի մնացի: Ինձ համար ավելի քիչ մտահոգիչ է ֆիզիկական հաշվեհարդարը, որովհետև վերքերս լավացել են, մի քիչ շնչառական խնդիրներ ունեմ: Ինձ համար մտահոգիչ է այս բեսպրեդելը, որը նպատակ ունի ոչնչացնել իմ և մեր բարոյական կերպարը: Ես ավելի շատ հոգեբանորեն եմ ճնշված: Եվ սա է ինձ համար առավել ցավոտ: Կրկնում եմ, որ սա քաղաքական հաշվեհարդար էր, որի հիմնական նախաձեռնողը, հովանավորը Ռուբեն Հայրապետյանն է»,- նշեց ազատամարտիկը:
Սմբատ Հակոբյանը հայտարարեց նաև, որ Ռուբեն Հայրապետյանը և նրա մտերիմներն ամեն ինչ արել են, որ միջադեպին տան կենցաղային վեճի բնույթ, սակայն հարցը քաղաքական է:
Yerkir.am-ի հարցին, թե որևէ անձնական խնդիր չունի՞, արդյոք, և իր հետ կատարված միջադեպը չի՞ կարող անձնական հաշվեհարդար լինել, Հակոբյանը պատասխանեց՝ ոչ: «Անձնական հողի վրա միջադեպը բացառում եմ, սա զուտ քաղաքական պատվեր էր: Բավական է, որ հանդուրժենք այս բեսպրեդելը: Ես երբեք որևէ մեկին, հատկապես` Ռուբեն Հայրապետյանին և նրա շրջապատին, կենսական խնդիրների համար չեմ դիմել, գումարի կամ այլ ֆինանսական խնդիր չեմ ունեցել, չունեմ: Նրանք, ում հետ ես ֆինանսական խնդիրներ ունեմ, շատ չեն, երկու-երեքն են, ում հետ ես ընկերական հարաբերությունների մեջ եմ: Ես իրենց մեշոկներով փող պարտք չեմ: Նրանք մի փաստ չեն կարող բերել, որ ինձ մի տուփ ծխախոտ են բերել, տվել: Ես այս անցուդարձը որակում եմ որպես քաղաքական հաշվեհարդար, որի հիմնական նախաձեռնողը, հովանավորը Ռուբեն Հայրապետյանն էր»,- կրկնեց նա:
Հարցին՝ թե մինչ այդ ինչո՞ւ էր ժխտում Ռուբեն Հայրապետյանի կապը ծեծի ենթարկելու միջադեպի մեջ, Սմբատ Հակոբյանը պատասխանեց. «Ես չասացի, որ կազմակերպիչն ինքն է եղել: Ասում եմ, որ մեր հեռախոսային զրույցից հետո բոլոր հիմքերը ունեմ կասկածելու, որ հովանավորը Ռուբեն Հայրապետյանն է»:
Հարցին, թե այդ դեպքում հեռախոսային վերծանության հրապարակմամբ չի՞ վախենում այլ հետևանքների համար, ազատամարտիկը պատասխանեց, որ ինքը սկզբունքորեն այն մարդկանցից է, ովքեր միայն Աստծուց են վախենում: «Որևէ բանից չեմ վախենում, ասում եմ ճշմարտության անունից»,- նշեց նա:
Ազատամարտիկի խոսքով՝ ինքն այս գործով մեկ անգամ է ցուցմունք տվել, բայց Ռուբեն Հայրապետյանի անունը չի տվել, որովհետև «տենց է անհրաժեշտ համարել»: «Հիմա ես ասուլիսի ժամանակ հայտարարեցի: Եթե պատկան մարմինները գան, հարցնեն ինձ, իրենց եմ ասելու»,- ընդգծեց Հակոբյանը: Նա նշեց, որ եթե պատկան մարմինները, իշխանությունները չեն հովանավորում «այս քիլլերներին, այս կլանին», ուրեմն պետք է պատժամիջոցներ կիրառեն:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե Ռուբեն Հայրապետյանը արտասահմանյան հայտնի լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ Արցախյան ազատամարտի տարիներին ինքը ծառայել է Սմբատ Հակոբյանի հրամանատարության ներքո, նա պատասխանեց, որ իսկապես այդպես է եղել: «Ես միայն վատը չեմ ասում: Այո, այդպես եղել է»,- ասաց Հակոբյանը: