Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր առավոտյան Քանաքեռավանում գտնվող իր տան բակում ծառից կախված է հայտնաբերվել 38-ամյա Էդգար Միքայելյանը, ով, ըստ տեղեկությունների, «Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին տնօրենն էր: Նախնական վարկածով՝ նա ինքնասպան է եղել:
Yerkir.am-ին հաջողվեց պարզել, որ դեռևս 2014-ին Միքայելյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված եղել` ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ՃՈ աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 15-ի վճռով՝ Միքայելյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման երկու տարի ժամկետով: Նա պատիժը կրել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում: Պատժի կրման սկիզբը հաշվվել 2014 թվականի ապրիլի 2-ից, սակայն այս տարվա մարտին Միքայելյանն ազատ է արձակվել:
Նրա նկատմամբ մեկ այլ քրեական գործ էլ ներկայումս քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այս գործով էլ Միքայելյանը մեղադրվում է 2008-ին «Փոքր Մհեր կրթահամալիրի» տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու համար: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրված էր չհեռանալու մասին ստորագրությունը:
Yerkir.am-ի հետ զրույցում Միքայելյանի պաշտպան Թադևոս Ալեքսանյանը հայտնեց, որ իր համար կատարվածն անսպասելի էր: «Նա այլ գործով էլ էր անցնում, դատական գործընթացի մեջ էինք: Երկու օր առաջ եմ տեսել, շատ նորմալ էր: Չեմ պատկերացնում, թե ինչու է նա նման քայլի գնացել»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ Միքայելյանը տարիներ առաջ հայտնվել էր սկանդալի կենտրոնում, երբ «Հայ Արիներ» Հայկազունների միավորումը բաց նամակ էր տարածել և հայտնել, որ Միքայելյանը, լինելով «Փոքր Մհեր» կրթական հաստատության տնօրեն, չունի բարձրագույն կրթություն և նրա ներկայացրած` Մոսկվայի ֆիզկուլտուրայի պետական ակադեմիայի դիպլոմը կեղծ է:
Yerkir.am-ի տեղեկությունների համաձայն, բացի իր անվան հետ կապված դատական քաշքշուկից, Միքայելյանը նաև անձնական խնդիրներ է ունեցել: