կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-03 18:20
Հասարակություն

Հակառակորդն օգտվում է իր դիրքային առավելությունից. Սեյրան Օհանյան

Հակառակորդն օգտվում է իր դիրքային առավելությունից. Սեյրան Օհանյան

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այս օրերին սահմանային լարվածությանը: Նա նշեց, որ իրավիճակը վերահսկվում է: Ըստ նախարարի` վերջին երկու օրերի առանձնահատկությունն այն է, որ գնդակոծում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը, հատկապես` Տավուշի մարզի գյուղերը:

«Անկասկած, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ամեն ինչ անում են` կանխելու այդ անմարդկային երևույթները, որովհետև գնդակոծվում են խաղաղ բնակավայրերը: Ցավոք, այսօրվա մեր սահմանային կոնֆիգուրացիան այնպես էր ստեղծված, որ որոշ տեղերում, որտեղ հակառակորդն ունի դիրքային առավելություններ, օգտվում է դրանից ` գնդակոծելով դիրքերից»,- ասաց Օհանյանը` հավելելով, որ բանակային կորպուսի հրամանատարությունը երեկ արել է ամեն ինչ, որ զսպի հակառակորդին, և այս պահի դրությամբ` իրավիճակը հանդարտ է:

Նախարարի խոսքով`ՊՆ-ն ՏԻՄ-երի և տարածքային կառավարման մարմինների հետ  ճշտում է` ինչ կորուստներ են ունեցել բնակիչները, որպեսզի համապատասխան աջակցություն ցուցաբերվի: «Ունենք երկու վիրավոր քաղաքացիների շրջանում, որոնք թեթև վիրավորում են ստացել և գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո»,- ասաց Օհանյանը:

Ինչ վերաբերում է պայմանագրային զինծառայողի զոհվելու փաստին, նախարարը նշեց, որ դա եղել է հյուսիսարևելյան հատվածում և երեկոյան գնդակոծության հետ կապ չունի:

Լրագրողների հարցին, թե ճի՞շտ է, որ Տավուշի գնդակոծված գյուղերից տարհանում են բնակիչներին, Օհանյանը պատասխանեց. «Տեղյակ չեմ, չէ»:

Հարցին, թե միջազգային կառույցները տեղեկացվա՞ծ են, արդյոք, սահմանային լարվածության մասին, նախարարն արձագանքեց. «Դիվանագետները, կարծում եմ, զբաղվում են այդ հարցով»: