կարևոր
439 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-19 12:12
Հասարակություն

Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ

Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ

Agents for Impact GmbH ընկերությունը (Ֆրանկֆուրտ, Գերմանիա) Յունիբանկին շնորհել է Կենսակայունության համապատասխանության B++ վարկանիշ։ Գնահատումն իրականացվել է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) և բնապահպանական, սոցիալական ու կառավարման չափանիշների (ESG) հիման վրա։

Բանկի գործունեության՝ Կայուն զարգացման նպատակներին համապատասխանության ցուցանիշը կազմել է 71%, ինչը վկայում է կենսակայունության ոլորտում Բանկի բարձր մակարդակի մասին (Strong)։ Այս արդյունքն արտացոլում է կայուն զարգացման հիմնական ուղղություններով Յունիբանկի հետևողական աշխատանքը և Հայաստանում կայուն ֆինանսավորման զարգացմանը նպաստելու հանձնառությունը։ Առավել բարձր գնահատականը Բանկը ստացել է կառավարման ոլորտում։ Գնահատման ընթացքում ընդգծվել են Բանկի ներքին քաղաքականություններն ու ընթացակարգերը, այդ թվում՝ Գործարար վարվելակերպի կանոնները, ինչպես նաև ազդարարման և խարդախությունների կառավարման մեխանիզմները։

Սոցիալական ոլորտում կարևորվել են աշխատակիցներին տրամադրվող արտոնություններն ու կանանց ներգրավվածության մակարդակը։ Կանայք կազմում են Յունիբանկի աշխատակազմի 70,4%-ը, իսկ ղեկավար կազմում նրանց մասնաբաժինը հասնում է 38%-ի։

Բնապահպանական ոլորտում դրական են գնահատվել մինչև 2030 թվականը էներգասպառումը 15%-ով կրճատելու Յունիբանկի հանձնառությունը, արևային էներգիայի օգտագործումը և կանաչ ֆինանսավորման գործիքների կիրառումը, ինչպես նաև կլիմայական ռիսկերի ինտեգրումն ուժեղացնելու և «կանաչ» պորտֆելի մասնաբաժինն ընդլայնելու հեռանկարները։

Յունիբանկը կշարունակի կատարելագործել իր ESG գործելակերպը և առաջարկել Հայաստանի տնտեսության կայուն զարգացմանը նպաստող ֆինանսական լուծումներ։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: