Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Վազգեն Կարապետյանը մեղադրվում է զենքի գործադրմամբ ավազակության և շորթման մեջ: Առաջին հայացքից թվում է, թե գործ ունենք սովորական հանցագործության հետ, սակայն ըստ Կարապետյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանի, գործն ավելի շատ կապված է մարմնավաճառությամբ զբաղվող անձանց հովանավորների և վերջինների գործողություններից տուժած քաղաքացու հետ:
Այսպես. Վազգեն Կարապետյանը ընտանիքի հետ բնակվում է Արտաշիսյան 46 հասցեում, որի հարևանությամբ գտնվում է «Մայամի» հյուրանոցային համալիրը: Ըստ փաստաբանի՝ Կարապետյանն, ինչպես նաև շենքի շատ բնակիչներ բազմիցս դժգոհել են պատկան մարմիններին` հյուրանոցի տարածքում մարմնավաճառությամբ զբաղվող կանանց գործունեությունից: Վերջիններս գրեթե ամեն օր շենքի տարածքում վիճաբանության պատճառ են դառնում: Բնակիչներին հատկապես մտահոգում է այն, որ նույն շենքում ապրում են անչափահաս երեխաներ, որոնց դաստիարակության վրա բացասաբար է անդրադառնում վիճաբանություններին և հայհոյանքներին ականատես լինելը:
Խնդրի առնչությամբ բնակիչները դիմել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, սակայն հարցին լուծում չգտնելուց հետո՝ փորձել են ինքնուրույն հարթել շենքի տարածքում ծագած միջադեպերը, որպեսզի աղմուկ չբարձրանա: Ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալը մշտապես պայքարել է, որ այդ տարածքում մարմնավաճառներ չհավաքվեն, ինչը դուր չի եկել մարմնավաճառների հետ համագործակցող ՝ Շենգավիթում հայտնի տոկոսով փող տվող Լյուդի տղա Իգոր Կովալյովին:
Վերջինիս էլ ոստիկանություն սուտ հաղորդում է տվել այն մասին, թե իբր իր պաշտպանյալը զենքի սպառնալիքով իրենից գումար է պահանջել: Ստեփան Ոսկանյանի խոսքով՝ իր պաշտպանյալին ձերբակալելու, ապա նաև կալանավորելու համար հիմք է հանդիսացել մեկ անձի՝ Իգորի ցուցմունքը:
«Շուրջ 7 ամիս տևած նախաքննության ընթացքում քննչական մարմինները որևէ ապացույց չեն ներկայացրել, անգամ Իգորի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն չեն իրականացրել և ոչ էլ առգրավվել են դեպքի վայրի հարակից տարածքներում առկա տեսանկարահանող սարքերը»,-ասաց փաստաբանը և նշեց, որ իր պաշտպանյալին մեղադրանք առաջադրելուց անգամ հաշվի չեն առել այն հանգամանքը, որ Կարապետյանի դեմ հաղորդում ներկայացրած քաղաքացին՝ Իգոր Կովալյովը, նախկինում դատապարտված է եղել: Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործը կարճելու վերաբերյալ պաշտպանի մի քանի միջնորդությունները մերժվել են: Փաստաբանը նկատում է, որ նման ակնառու և կոպիտ խախտումներով նախաքննության ընթացքը վկայում է այն մասին, որ Իգոր Կովալյովը հովանավորվում է իրավապահների կողմից:
Նշենք, որ այս գործի նախաքննությունն արդեն ավարտվել է և գործն ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և այն դատարան ուղարկելու համար: