Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի առաջին նիստը: Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը գլխավորում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, խորհրդի անդամներն են ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից մեկական ներկայացուցիչ, Հանրային խորհրդի նախագահը, Հայաստանի համայնքների միության մեկ ներկայացուցիչ և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ:
Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ ՀՀ կառավարության և ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության միջև կստորագրվի համաձայնագիր: Նա նշեց, որ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին` կյանքի կոչելու կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը:
«Արդյունավետությունը կախված է այն կադրերից, որոնք ներգրավված են լինելու խորհրդում: Այս պահին մենք ունենք 4 ստրատեգիական ոլորտներ՝ կրթություն, առողջապահություն, ոստիկանություն և պետական եկամուտներ: Այս 4 ոլորտներում է, որ մեր աշխատանքներն իրականացվելու են, և գործունեության արդյունավետության համար շատ կարևոր է լավ կադրերի ընտրությունը»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ կարևոր է հրավիրել այնպիսի փորձագետների, ովքեր ունեն փորձ կոռուպցիայի դեմ պայքարի գործում, և ովքեր կկարողանան ստեղծել փորձագետների դպրոց: ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը համաձայնել է մեկ տարվա ֆինանսավորում տրամադրել փորձագետներին:
Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության հետ համաձայնագրի կնքումը նախատեսում է 750 հազար ԱՄՆ դոլարի մասնակցություն ծրագրի իրականացմանը, իսկ ՀՀ կառավարության ֆինանսական մասնակցությունն այս ծրագրին կազմելու է 25 տոկոս: