կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-25 20:55
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի նորանշանակ դեսպանին

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի նորանշանակ դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային:

Վարչապետը շնորհավորել է պարոն Միկիսկային նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մեր երկիրը շահագրգիռ է խորացնելու համագործակցությունը Չեխիայի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար:

 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկու երկրների միջև առկա է առևտրատնտեսական համագործակցության խորացման մեծ ներուժ, ինչի իրացման գործում վարչապետը կարևորել է հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը, բիզնես ֆորումների անցկացումն ու գործարար կապերի սերտացումը:

 

Միաժամանակ, կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Չեխիայի դերը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործում և շնորհակալություն հայտնել չեխական կողմին՝ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում մեր երկրին ցուցաբերած օժանդակության համար:
Դեսպան Միկիսկայի խոսքով՝ Չեխիան մեծապես կարևորում է Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների զարգացումը և առևտրատնտեսական կապերի խորացումը:
Պարոն Միկիսկան վստահություն է հայտնել, որ կան մեծ հնարավորություններ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու և ներդրումներ ներգրավելու համար:

 

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ հայ-չեխական համատեղ նոր ծրագրեր կյանքի կոչելու համար: Խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերություններին մասին՝ Պետր Միկիսկան վստահություն է հայտնել, որ Ռիգայում տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքներով փոխշահավետ համագործակցությունը կթևակոխի նոր փուլ և կարձանագրվեն ձեռքբերումներ:

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հայ-չեխական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի: