Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ գործընթացին ակնհայտորեն թափ է հաղորդվել ԱՄՆ-ի կողմից, թեև դժվար է առայժմ ասել, թե ուր է այն տանում:
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` նախորդ շաբաթ Մոսկվա կատարած այցից հետո, որտեղ նա ԼՂ հարցը քննարկել էր ՌԴ փոխարտգործնախարար Դմիտրի Կարասինի հետ, անակնկալ կերպով Ռուսաստանի մայրաքաղաք մեկնեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նրա հետ հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ եկել է ԼՂ բանակցություններն ինտենսիվացնելու ժամանակը: Իր հերթին, Մամեդյարովն ավելացրել էր, թե Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունների ձեռքբերումը հնարավորություն է ճեղքում մտցնելու նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Թե կոնկրետ ինչի՞ շուրջ էին բանակցել Լավրովն ու Մամեդյարովը, պարզ չդարձավ: Բայց այն փաստը, որ դրանից անմիջապես հետո Լավրովը հեռախոսազրույց ունեցավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, հուշում է, որ Ռուսաստանը որոշակի քայլեր է փորձում կատարել, ընդ որում` ոչ թե Մինսկի խմբի շրջանակներում, այլ առանձին նախաձեռնությամբ:
Խնդիրն այն է, որ երեկ նախատեսված էր ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, որի հիմնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելն է: Փաստորեն, Ռուսաստանը, առաջ ընկնելով եռանախագահողների այցից, փորձում է ինչ-որ իրավիճակ փոխել, ազդել կողմերի տրամադրությունների վրա կամ պարզապես իր ձեռքը վերցնել նախաձեռնողականությունը` առայժմ ոչ այնքան հասկանալի դրդապատճառներով: Այսուհանդերձ, չի կարելի չնկատել, որ Մոսկվայի այս ակտիվացումը տեղի է ունենում Ջեյմս Ուորլիքի`մոսկովյան բանակցությունների ներգործությամբ, որից կարելի է երկու հնարավոր հետևություն կատարել` կա\'մ Մոսկվան ակտիվանում է` ի հեճուկս Վաշինգտոնի, Ուորլիքից որոշակի ուղերձներ կամ նախազգուշացումներ ստանալուց հետո, կա\'մ գործում է Ուորլիքի միջոցով ԱՄՆ-ից ստացված ինչ-որ նոր առաջարկությունների համատեքստում` դրանք առաջ մղելու, կողմերին դրա շուրջ բանակցելուն տրամադրելու նպատակով: Նկատի ունենալով տարածաշրջանում ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետապնդած նպատակների հակասությունները, երկրորդը թվում է քիչ հավանական, սակայն` ոչ անհնար, եթե նկատի ունենանք նրանց համագործակցության արդյունքները իրանական ճգնաժամի հաղթահարման հարցում:
Այնուամենայնիվ, առավել հավանական է թվում, որ Ռուսաստանը ոչ այնքան համագործակցում, որքան մրցակցում է ԱՄՆ-ի հետ` թերևս փորձելով ինչ-որ նոր ընթացքներ կանխել կամ դրանց հակազդել: Թե\' Ռուսաստանը և թե\' ԱՄՆ-ը հրաշալի հասկանում են, որ միջազգային սանկցիաներից Իրանի «ազատագրումը» անխուսափելիորեն հանգեցնելու է հարավկովկասյան տարածաշրջանում նրա ակտիվացմանը, իսկ դա նշանակում է գործ ունենալ ևս մեկ տերության շահերի հետ, որն ավելի է բարդացնում խաղը: Եվ փաստը, որ Ուորլիքի դիվանագիտական տենդագին ձեռնարկումներն ու Նալբանդյանի և Մամեդյարովի հետ Լավրովի բանակցությունները սկսվեցին հենց Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունների ձեռքբերմանը զուգահեռ, ուղղակի մատնում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նպատակը` Ղարաբաղյան հարցում իրենց շահերից բխող բեկման հասնել նախքան Իրանի` խաղի մեջ մտնելը: Իսկ սա չի կարող չմեծացնել մրցակցությունը ՄԽ համանախագահող երկրների միջև:
Մյուս կողմից` Մոսկվայում «Ведомости» թերթին տված հարցազրույցում Ջեյմս Ուորլիքը գրեթե բառացիորեն սպառնացել էր Մոսկվային նոր միջազգային ճգնաժամով և մեկուսացման խորացմամբ, եթե վերջինս փորձի միանձնյա խաղաղապահներ տեղակայել ԼՂ շփման գծում: Քանի որ դա հնարավոր է միայն լայնամասշտաբ ռազմական գործողությունների պարագայում, Ուորլիքի այս նախազգուշացումը մի կողմից նշանակում է, որ ԱՄՆ-ը բավական բարձր է գնահատում Մոսկվայի հրահրմամբ պատերազմի վերսկսման հնարավորությունը, մյուս կողմից` ընդգծում է դրա հետ չհամակերպվելու, նման սցենարը բացառելու և, որ առավել կարևոր է, մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցությունները վերականգնելու` Վաշինգտոնի մոտեցումը: Թերևս դրանով է պայմանավորված, որ Ուորլիքը միտումնավոր կրկին շրջանառության մեջ է դնում այդ սկզբունքները առանձին-առանձին` առանց կոնտեքստից կտրելու` շատ լավ իմանալով, թե ինչ ցավոտ է դա ընդունվում երկու կողմերի հասարակությունների կողմից: Երեկ նա Երևանում խոսել է, մի կողմից, առանց ԼՂ կարգավիճակի հստակեցման հակամարտության կարգավորման, իսկ, մյուս կողմից, ԼՂ «գրավված տարածքները» Ադրբեջանին վերադարձնելու, շփման գծում միջազգային խաղաղապահներ տեղակայելու անխուսափելիության մասին: ԱՄՆ-ն ամեն ինչ անում է` այդ սկզբունքները հանրային լայն քննարկման առարկա դարձնելու և այդպիսով կողմերին ցավոտ զիջումների նախապատրաստելու համար:
Եթե խնդիրն իսկապես ԼՂ հարցում առաջ շարժվելու` Ռուսաստանի և ԱՄՆ-ի մոտեցումների տարբերության մեջ է, ապա ներկայիս գործընթացն այլ բան չէ, քան պատերազմի վերսկսման և դրա բացառման միջև խուլ պայքար: Համենայն դեպս, այն հանգամանքը, որ Ադրբեջանի իշխանությունները հրահանգել են երկրի հիվանդանոցներին` պատրաստ լինել պատերազմի` ցանկացած պահի սկսմանը, իսկ բանակն անցել է գրեթե ամենշաբաթյա ռեժիմով զորավարժությունների, խոսում է այս պրոցեսներից Բաքվի մոտ առաջացած որոշակի սպասելիքների մասին:
Նման սպասելիքներ, ավելի ճիշտ` դրանցից առաջացած լարվածություն կա նաև Երևանում: Երեկ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել Եվրոպային ուղղված աննախադեպ կոշտ քննադատությամբ: Առաջին անգամ Երևանը ամենաբարձր մակարդակով եվրոպական կառույցներին մեղադրել է ԼՂ հարցում, իրավիճակի սրման պատասխանատվության առումով, Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարություն դնելու մեջ` օրինակ բերելով հունիսին անցկացված Եվրոպական խաղերի ընթացքում հրադադարի ռեժիմի պահպանումը և դրանից հետո կրկին լարվածության աճը, որը մատնում է Ադրբեջանի հայեցողությամբ միակողմանիորեն խնդիրը սրելու իրողությունը: Սա միայն Բաքվից արդեն բացահայտ հնչող սպառնալիքներին արձագանքելու նպատակ չէր հետապնդում: Այլ հստակ ուղերձ է առ այն, թե կողմերից որն է լինելու հնարավոր պատերազմի սկսման պատասխանատուն և որքանով է միջազգային հանրությունն ինքը մոտեցնում անցանկալի այդ պահը:
Գևորգ Դարբինյան