Ըստ «
Փաստինֆո»-ի` դեռևս 2014թ. Գեղարքունիքի մարզի բնակչուհին կեսարյան հատմամբ ունեցել է տղա երեխա, սակայն 4 օր անց բժիշկները ծնողներին հայտնել են, որ երեխան մահացել է:
«Մահացած երեխայի հարազատների պնդմամբ` բժիշկները երեխայի դիակը հրաժարվել են իրենց հանձնել՝ պատճառաբանելով, որ կկատարեն դիակի հետազոտում և հուղարկավորում:
Դեպքի վերաբերյալ «Փաստինֆո»-ի թղթակիցը զրուցեց Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանի հետ, ով նշեց, որ կինը 29 շաբաթական հղիությամբ, լրիվ անհաս, ծանր վիճակում բերվել է հիվանդանոց, ստուգման արդյունքում պարզվել են մի շարք խնդիրներ. ջրերի բացակայություն, վաղաժամ ծննդաբերություն, հեշտոցում ինֆեկցիա, թարախային վիճակ, բացի թվարկվածները, պտղի մոտ եղել է նաև վատ շնչառություն:
Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ կատարվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, թարախը մաքրվել է, սակայն վիճակն ավելի է վատացել և ապրիլի 20-ին կնոջ ամուսնու և ևս 2 տղամարդկանց համաձայնությամբ կատարվել է վիրահատություն՝ կյանքի ցուցումով, քանի որ պտուղը ծանր վիճակում է գտնվել:
Ծնվել է 1,5 կիլոգրամ անհաս պտուղ, որը պահվել է արհեսատական շնչառության տակ, սակայն 4-րդ օրը պտուղը մահացել է:
Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավարը փաստում է, որ կնոջ ջրերը եղել են զրո մինչև ծննդաբերելը:
Ինչ վերաբերում է պտուղը ծնողներին չհանձնելու հարազատների մտահոգությանը, ապա Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ բոլոր պերինատալ մահացությունները, որպես կանոն, օրենքի համաձայն ենթարկվում են ախտաբանաանատոմիական հետազոտության, ինչն այս դեպքում եւս կատարվել է:
Ուղարկվել է լաբորատորիա, կատարված հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ներարգանդային բակտերիալ շոկ՝ ինֆեկցիա, երկկողմանի թոքաբորբ, բրոնխոպնևմոնիա, շնչական ամբավարարություն և ներարգանդային սեպսիս:
Այս դեպքից հետո մեկ տարուց ավելի է անցել, սակայն ծնողներն այսօր հարցը բարձրացրել են այլ հարթությամբ՝ կասկածի տակ դնելով երեխայի մահվան հանգամանքը։ Պարզվում է՝ մայրական օջախում և սոցիալական ծառայությունում կա գրանցված մի տղա երեխա ծնողների ազգանունով, ինչն էլ կասկածի տեղիք է տվել եւ հիմք մահացած նորածնի հարազատներին մտածելու, որ երեխան ողջ է:
Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավարն այս վարկածը լսելով մեղմ ասած զարմանք հայտնեց, և հավելեց, որ ծնողների դիմումի հիման վրա քննչական բաժնում քննություն է տարվում»,- կարդում ենք կայքում: