կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-09 12:31
Առանց Կատեգորիա

ԴԱՀԿ աշխատակիցները զենքի սպառնալիքի տակ ստիպել են ազատել բնակարանն ու ծեծել են մեզ. եզդիները կդիմեն վարչապետին

Ազգությամբ եզդի Նազիկ Ամալյանն իր որդիների հետ Սպիտակի երկրաշարժից հետո տեղավորվել է Երեւանի Թբիլիսյան խճուղում գտնվող պետական շենքերից մեկի բնակարան, որտեղ ապրել է 27 տարի: Սակայն ամիսներ առաջ Զարգացման հայկական բանկի ղեկավարությունը քաղաքացիներին հորդորել է ազատել բնակարանը՝ պատճառաբանելով, որ շենքը պատկանում է իրենց:

«Զարգացման բանկի տերն եկավ՝ ասեց, շենքը բանկինն ա, պետք ա ազատեք: Ես էլ ասեցի` որտեղ բա՞ մնամ, ինձ ասաց` եթե դուք չազատեք շենքը, հարկադիրին կասեմ, կգան իրանց ձևերով կհանեն: Մի քանի օր անց հարկսդիրի աշխատակիցները եկել և ասել են՝ ազատեք, եթե` ոչ, վատ կլինի»,- կառավարության շենքի դիմաց լրագրողներին պատմեց Նազիկ Ամալյանը:

«Զանգեցի որդիներիս, ասեցի` մեզ քֆուր են տալիս, ասեցին ՝ եզդու …, դա ո՞րն ա, ինչո՞ւ են տարբերություն դնում ազգությունների միջև: Եթե իմ ամուսինը գնացել` Ղարաբաղում հայերի համար կռվել ա, տղաներս էլ ծառայել են Հայոց բանակում: Հարկադիրի աշխատողները երեք անգամ զենք են պահել իմ ու տղայիս վրա, երեքով հարձակվել են տղուս վրա: Ոստիկանները շտապօգնության բրիգադին թույլ չտվեցին արյունլվա որդուս տանել հիվանդանոց, միանգամից տարան բաժին ՝ ցուցմունք գրելու, թե իբր ինքն է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել: Յուրայիս գլխին սարքել են. եզդի ա, մեջքին մարդ չկա` դրա համա՞ր»,- վրդովված ասաց կինը:

Ամալյանների խոսքով՝ գործը դատարանում է, իրենց հանրային պաշտպան են տրամադրել, ով առաջարկել է Յուրա Ամալյանին մեղքն իր վրա վերցնել, որպեսզի պատժաչափը մեղմ լինի և տղային գոնե 5 տարվա ազատազրման դատապարտեն, սակայն Յուրա Ամալյանը պնդում է, որ ինքը ոչ մեկին միջին ծանրության վնասվածք չի պատճառել:

«Սիմջար» եզդիների ազգային միավորման անդամների խոսքով՝ այս գործը շինծու է, հետևաբար` անիմաստ է խոսել արդարադատության մասին: Նրանք բողոքով դիմել են ՀՀ գլխավոր դատախազին, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել: Նրանց խոսքով` եթե դատարանը Յուրա Ամալյանին մեղավոր ճանաչի՝ կդիմեն դատական բոլոր ատյաններին, պարտվելու դեպքում էլ կդիմեն Եվրադատարան, որտեղ կբարձրաձայնեն ազգային փոքրամասնությունների իրավունքները ոտնահարելու մասին:

Մանրամասները՝ yerkir.am-ի տեսանյութում: