Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ով այս օրերին Բաղրամյան պողոտայում էր, ցուցարարների կողքին, «Կենդանի պատ» նախաձեռնության շարքերում, չի շտապում իր կարծիքը հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ կամ խորհուրդներ տալ ու ասել, որն է ճիշտ, որը` սխալ:
Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց. «Այս շարժումը երիտասարդներինն է: Մենք այնտեղ էինք, թույլ չտալու բռնություններ, և ասել ենք, որ երբևէ չենք խառնվելու երիտասարդների որոշումների կայացմանը, կամ որևէ գործընթացի: Բոլորս գիտենք նաև, որ եթե հրաման լինի` դիմել գործողությունների, ցույցը ցրելու համար, չեն նայելու` դիմացը պատգամավոր է, թե ոչ, և նույն ձևով կանցնեն բոլորի վրայով, չնայած մեր ներկայությունը գուցե փոքրիկ զսպվածության դեր կունենար: Եվ, քանի որ, որոշել ենք, չխառնվել, ուստի երիտասարդները պետք է որոշում կայացնեն, խորհուրդ տալը մեր խնդիրը չի եղել»,- ասաց Թևան Պողոսյանը:
Պատգամավորը խոսեց բարձրացված խնդրի բովանդակության մասին, կարծիք հայտնելով, որ բովանդակային առումով պատուհան է բացվել` նպաստելու «ոչ թալանին» երևույթի հանդեպ պայքարելու գործընթացում, և սկսելու համատեղ պայքար այդ երևույթի դեմ: Նրա խոսքով «ոչ թալանին» երևույթը ուղղված չէ միայն հոսանքի թանկացմանը, այն ավելի լայն է, քանի որ թալան տեղի է ունենում ողջ համակարգում, ու պետք է անել ամեն ինչ, որ թալանը բացահայտվի, համակարգում ամեն ինչ կարգի բերվի:
«Եթե ասում ենք` մենք ենք տերը մեր երկրի, ուրեմն տերն է որոշում` երբ փակի ճանապարհը, երբ` բացի: Դա երիտասարդները պետք է անեն: Մեր փայլուն երիտասարդները և այս երևույթը, որը կազմակերպվեց ու ոգեշնչեց ամբողջ ազգին ու հույս արթնացրեց, պետք է կարողանալ այն հիմք դարձնել ապագա հաղթանակների համար»,- ասաց պատգամավորը:
Հարցին, թե արդյո՞ք նվաճումներ արձանագրեց նախաձեռնության պայքարը, Թևան Պողոսյանը պատասխանեց. «Շատ նվաճումներ արձանագրվեցին, թե տեխնիկական նվաճումներ, որոնք կգրվեն պատմության մեջ, այլ նաև փոփոխության նվաճումներ արձանագրվեցին, որոնք եթե ճիշտ ձևով գործի դրվեն, կապահովեն փայլուն ապագա` հետագա քայլերի համար: Իսկ եթե ամեն ինչը ջարդվեց ու բռնություն կիրառվեց, դա վատագույն լուծումը կլինի»: