կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-26 13:40
Հասարակություն

Երևանը Կիև չէ. Lifenews-ի լրագրողը՝ ցուցարարներին

Երևանը Կիև չէ.  Lifenews-ի լրագրողը՝ ցուցարարներին

Այսօր առավոտյան Բաղրամյան փողոցում իրենց աշխատանքն էին սկսել ռուսական լրատվամիջոցները, որոնց մեծ մասի կողմնակալ լուսաբանումը նախորդ օրերին հարուցել էր ցուցարարների դժգոհությունը: Այսօր Lifenews ռուսական լրատվամիջոցի լրագրողը զրույցի էր բռնվել ցուցարարների հետ:

«Մենք կարող ենք պատասխան տալ միայն մեր լրատվամիջոցի որդեգրած քաղաքականության համար, իսկ մեր որդեգրած քաղաքականությունն այն է, որ մենք ամենը լուսաբանում ենք ուղիղ եթերում, մենք այստեղ ենք եկել նրա համար, որ ամեն ինչ տեսնենք մեր աչքերով ու այդ ամենը ցույց տանք»,- ասում էր լրագրողը:

Ցուցարարները դժգոհեցին, որ հիմնականում ռուսական լրատվամիջոցներն են հորինում ու զուգահեռներ անցկացնում Կիևի Մայդանի միջև:

Lifenews-ի լրագրողը պատասխանեց. «Կարող եմ ասել, որ այստեղ բացարձակ ոչ մի բան նման չէ Կիևի Մայդանին: Եվ գիտե՞ք, ինձ դուր է գալիս, որ դուք սիրում եք ձեր քաղաքը: Քիչ առաջ ես իմ կոլեգաներին էի պատմում դրա մասին: Իհարկե, Կիևը ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է, բայց ինչպե՞ս կարելի էր հարազատ քաղաքի հանդեպ լինել այդքան դաժան, այրել անիվներ, վառել շենքեր: Ես դա երբեք չեմ հասկանա: Իսկ Երևանում ցույցի մասնակիցները շատ ուշադիր են, եթե ինչ-որ մի բան ընկած է, մարդիկ վերցնում են, հավաքում են: Այստեղ մարդիկ հոգ են տանում իրենց քաղաքի համար»: