կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-05 14:52
Քաղաքական

Ձեզանից լավ շոումեն ազգը չի տեսել. թեժ տարաձայնություններ` Վարդան Այվազյանի ու Արամ Մանուկյանի միջև

Ձեզանից լավ շոումեն ազգը չի տեսել. թեժ տարաձայնություններ` Վարդան Այվազյանի ու Արամ Մանուկյանի միջև

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՀԱԿ խմբակցության ներկայացրած որոշման նախագիծը վերածվեց թեժ տարաձայնությունների թեմայի: Ըստ այդ որոշման` ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը պետք է գլխավոր դատախազություն դիմի` ներկայացնելով գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը` որպես հիմք, որպեսզի դատախազությունը ուսումնասիրի կատարված չարաշահումներն ու խախտումները, պատժի պատասխանատուներին և քննարկի գազի էժանացման հարցը: Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ամեն կերպ ընդդիմանում էր որոշման նախագծին` Արամ Մանուկյանի հետ «դու»-ով խոսելով, ինչը դուր չեկավ պատգամավորին:

«Ես Ձեզ որերորդ անգամ զգուշացնում եմ` ինձ հետ խոսեք «Դուք»-ով, մենք հանձնաժողովի նիստի ենք: Կարող է` մենք առանձին «դու»-ով ենք խոսում, բայց ոչ` այստեղ »,- պահանջեց պատգամավորը:

«Հարգելի պարո\'ն «Դուք», այս հարցով մենք իրար չենք հասկանում»,- ասաց Վարդան Այվազյանը:

«Որովհետև Դուք դարձել եք «Գազպրոմ»-ի ու կառավարության փաստաբանը»,- արձագանքեց Արամ Մանուկյանը:

«Գազպրոմը» տալիս եմ ձեզ, ախպերս էլ ընդեղ ա աշխատում` ըստ լրատվամիջոցների»,- վրդովվեց Վարդան Այվազյանը:

ՀԱԿ պատգամավորը պնդում էր, որ ինքը խոսում ու ներկայացնում է գազի ոլորտում կոռուպցիոն երևութները, որ տեղի է ունենում գողություն, իսկ Վարդան Այվազյանը պահանջում էր անուններ ներկայացնել: Արամ Մանուկյանն էլ տարակուսեց` ասելով, որ ինքը հետաքննիչ չէ: Վարդան Այվազյանը պնդում էր, որ կայքում դրված է եզրակացությունը, դա կարող է հիմք հանդիսանալ գլխավոր դատախազության համար, ուստի պետք չէ շոուներ անել:

«Երբ որ մենք սկսեցինք աշխատել գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովում, շատ լուրջ հնարավորություն կար, եթե մենք լուրջ աշխատեինք, օգոստոսին գազը կրկին չթանկանար: Ձեր դիրքորոշումը թույլ տվեց կառավարությանը` օգոստոսին գազը թանկացնել, ավելին` եթե հանձնաժողովը մի քիչ խիստ լիներ` էսօր հոսանքի հետ կապված թանկացում գուցե չլիներ: Այսինքն` ԱԺ-ն որևէ հակադարձ քայլ չի կատարում: Երկու օր առաջ Մեղրի-Քաջարանի վերջին կտորը վաճառվեց, որովհետև մեր խորհրդարանը չունի այն քաջությունը, որովհետև Հանրապետականն աջակցում է էն կողմից եկած նախաձեռնություններին: Ես գիտեմ Բիբինի հետ ձեր քննարկումների մասին, այս ամենը արվում է իշխանությունների հետ համատեղ: Գազն էլ, հոսանք էլ, որ թանկացնում են, շատ լավ են անում, որովհետև ունեն ձեր նման աջակիցներ»,- ասաց Արամ Մանուկյանը:

Նրա այս խոսքերը հունից հանեցին Վարդան Այվազյանին, ով հայտարարեց, որ քաղաքական շահարկումներ է անում ՀԱԿ պատգամավորը: «Քեզ մի քիչ չափավոր պահի, ես որ քեզ հանձնաժողովում թույլ եմ տալիս ավելի խոսել… Շոու մի\' արեք »,- ասաց Վարդան Այվազյանը:

«Դուք ո՞վ եք, որ ինձ թույլ տաք հանձնաժողովի նիստում խոսել կամ չխոսել, դեռ չի եղել մարդ, որ ինձ թույլ չտա խոսել, եթե ես չեմ խախտում ԱԺ կանոնակարգ-օրենքը»,- արձագանքեց Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ Վարդան Այվազյանից ավելի շոումեն ազգը դեռ չի տեսել:

Քվեարկությամբ հարցը չանցավ օրակարգ: