կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-01 12:16
Հասարակություն

Առողջապահության նախարարը չի բացառում ոլորտում ստվերային հարաբերությունները

Առողջապահության նախարարը չի բացառում ոլորտում ստվերային հարաբերությունները

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը 2014 թվականի բյուջեի կատարողականի` առողջապահության նախարարության հաշվետվության քննարկման ժամանակ հարց ուղղեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: Խոսելով բժշկական սարքավորումների ձեռք բերման խնդրի մասին` պատգամավորը նշեց, որ, ըստ հաշվետվության, սարքավորումների ձեռք բերման համար բյուջեից տրամադրվել է 2,8%:

«Գաղտնիք չէ, որ մենք չունենք համապատասխան սարքավորումներ, և մարդիկ հաճախ ստիպված են լինում մեկնել արտասահման` բուժվելու: Չե՞ք համարում, որ սարքավորումների ձեռք բերման ոլորտում մասնաբաժինը պետք է բարձրանա»,- հարցրեց պատգամավորը:

Արմեն Մուրադյանը նշեց, որ տարեցտարի իրենց հաջողվում է ոլորտը կարգավորել և սարքավորումների պահով կարողանում են ապահովել առաջատար կլինիկաներին համապատասխան որակ:

Մանվել Բադեյանը հարցրեց նաև դեղորայքի որակի մասին` նշելով, որ ամեն տարի հայտարարվում է վերահսկողության մասին, սակայն ոլորտը դեռևս անմխիթար վիճակում է:

Նախարարն էլ, ի պատասխան, նշեց, որ հոգեմետ դեղերի շուկայում իրենց հաջողվում է դաշտը վերահսկել, և դաշտն ապահովված է ամենորակյալ դեղերով: Ինչ վերաբերում է հակադիաբետիկ հաբերի խնդրին, ասաց, որ իրենց հաջովել է բարձր որակով, սակայն ավելի էժան գներով ձեռք բերել դեղերը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նույնպես հարց բարձրացրեց դեղերի ձեռք բերման խնդրի մասին: «Հաճախ են հանդիպում դեպքեր, երբ բժիշկներն ուղղորդում և մատնանշում են հստակ դեղատներ, թե որտեղից ձեռք բերեն դեղերը: Ի՞նչ է անում այս ուղղությամբ նախարարությունը»,- հետաքրքվեց նա:

Առողջապահության նախարարը պատասխանեց, թե շատ դեպքերում այդ խնդիրը պայմանավորված է ֆինանսական շարժառիթներով: «Չեմ բացառում նաև որոշակի ստվերային հարաբերություններ»,- ասաց Արմեն Մուրադյանը և հավելեց, որ դա կարող է պայմանավորված լինել նաև ավելի էժան գներով դեղը ձեռք բերելու հանգամանքով: