Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռ 2012-ին Սարի թաղի թիվ 65 մանկապարտեզի դռները փակվեցին. շենքը 4-րդ կարգի վթարային էր: Մանկապարտեզի աշխատողների թիվը մեկ տասնյակից ավելի էր, գործում էր երեք խումբ /շուրջ 90 երեխա/: Մանկապարտեզի երեխաներին հնարավորություն տրվեց տեղափոխվելու թիվ 66 և 67 մանկապարտեզները:
Համար 66 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Միրոյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ այն ժամանակ իրենց մոտ է տեղափոխվել 33 երեխա, այսինքն` մեկ խումբ: «Մենք 3 խումբ ունեինք, իսկ ավելացման արդյունքում դարձավ 4-ը: Մենք դահլիճ ունեինք, այն դարձրինք խմբասենյակ: Քաղաքապետարանից էլ մեզ 3 տեղանոց անկողիններ տվեցին, և երեխաներին տեղավորեցինք»,- ասաց նա:
Միրոյանը նաև տեղեկացրեց, որ մանկապարտեզում այս տարի 35 տեղ է ազատվելու, բայց հերթագրված երեխաների թիվը հասնում է 140-ի: Ինչ վերաբերում է մանկապարտեզի սանիտարահիգիենիկ պայմաններին, ապա նա հավաստիացնում է, որ իրենց մոտ, բարեբախտաբար, արտառոց դեպքեր չեն արձանագրվել: «Սնունդը վերահսկվում է թաղապետարանի կրթության բաժնի կողմից, շաբաթը 3 անգամ գալիս են տեսուչները: Բացի այդ` ամեն առավոտ իմ և բուժքրոջ կողմից են ստուգումներ անցկացվում: Ինչ վերաբերում է մաքրությանը, ապա տարվա կտրվածքով ստանում ենք ժավել, քլոր, առանձին սենյակ ունենք, որտեղ էլ շատ բարձր ջերմաստիճանի տակ լվացվում են ափսեները»,- ասաց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:
Ի դեպ, 65 մանկապարտեզի սաների մի խումբ էլ այժմ հաճախում է համար 67 մանկապարտեզը, որի տնօրենն 65 մանկապարտեզի տնօրենն է:
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ, շենքի վերականգնման հետ կապված, դեռ քննարկումներ պետք է լինեն և պետք է որոշվի` շենքը ենթակա՞ է վերականգնման, թե՞ ոչ:
Մանկապարտեզի աշխատակիցներից երկուսն աշխատում են թիվ 66 մանկապարտեզում, մեկն էլ` 67-ում: Ի դեպ, երեկ Երևանի ավագանու նիստի ժամանակ քննարկվել է հ. 66 մանկապարտեզի կանոնադրության մեջ ինչ-ինչ փոփոխություններ կատարելու հարցը. առաջարկվում է ընդունել, որ մանկապարտեզը վերակազմակերպվել է՝ միավորելով 65 մանկապարտեզը, և 66-ը 65-ի իրավահաջորդն է` փոխանցման ակտի համաձայն:
Հաշվի առնելով այն փաստը, որ համար 66 և 67 մանկապարտեզները գտնվում են իրարից բավականին հեռու, իսկ 65-ը գտնվում էր, այսպես ասած, նրանց մեջտեղում, ինչպես նաև այն, որ թե' 66-ում և թե' 67-ում երեխաների գերծանրաբեռնվածություն կա, իսկ տասնյակ երեխաներ դուրս են մնում մանկապարտեզներից, հույս ունենանք, որ Երևանի քաղաքապետարանը համար 65 մանկապարտեզի շենքի տեղում կամ մեկ այլ տարածքում մանկապարտեզ կկառուցի:
Կարինե Հարությունյան
Լուսանկարները` Հելենա Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից
Հ. Գ. Հիշեցնենք նաև, որ վերջերս լուծարվել էր նաև Դեբեդավան գյուղի միակ մանկապարտեզը: