կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-25 17:30
Հասարակություն

Այստեղ դուրս չենք եկել երեխայական խաղերի. Սեյրան Օհանյան

Այստեղ դուրս չենք եկել երեխայական խաղերի. Սեյրան Օհանյան

Այսօր լրագրողները պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է պաշտպանության նախարարությունը հրաժարվում «Ավտոմատիկա» գործարանից՝ կառուցելով նորը:

 

Նախարարը պատասխանեց. «Մենք բավական լուրջ ուսումնասիրություններ ենք իրականացրել, և «Ավտոմատիկա» գործարանի խնդիրները, որոնք նրանք իրականացնում էին, վերախմբավորվել են, վերատեղափոխվել են «Պատնեշ» գործարանում, որի հնարավորություններն ավելի մեծ են, նաև գոյություն ունեցող շինություններն ավելի մեծ ու բարձր են, ավելի մեծ հնարավորություն ունեն համապատասխան սարքավորումները վերանորոգելու»:

 

Օհանյանը նշեց, որ այնտեղ որոշակի չարաշահումներ են եղել, նաև համասեփականատեր անձ է եղել, ով մի քանի անգամ փոխել է իր պայմանավորվածությունը: «Մեկ անգամ` ուզում եմ ձեզ հետ լինել, չեմ ուզում ձեզ հետ լինել, վաճառեք, հետո կառավարության որոշում ենք ընդունում, փոշմանում է, ասում է՝ չեմ գնում և այլն»,- ասաց նախարարը:

 

Դիտարկմանը, թե համասեփականատերն էլ փոխնախարար Ալեք Միրզաբեկյանին է մեղադրում կոռուպցիայի մեջ, նախարարն արձագանքեց՝ դա ճիշտ չէ:

 

«Քրեական գործը կապացուցի՝ ով է մեղավոր, ով՝ ոչ: Անձամբ ես մի քանի անգամ շփվել եմ, ինձ համար դյուրին չէ, երբ կառավարության ղեկավարությանը համոզում ես, որ պետք է գնել կազմակերպության 20 տոկոսը, որը մասնավոր սեփականություն է, և այնուհետև սեփականատերը հրաժարվում է: Մենք այստեղ դուրս չենք եկել երեխայական խաղերի, լուրջ որոշում է ընդունվել` ռազմավարական հեռանկարում այն կազմակերպությունը, որը մենք որոշել ենք` հակաօդային պաշտպանության խնդիրներ է լուծելու, այսօր մեր պայմաններին համապատասխանում է»,- ներկայացրեց Օհանյանը:

 

Պնդմանը, թե ինչո՞ւ է բացառում, որ իր տեղակալը կարող էր կոռուպցիոն գործընթացներում լինել, նախարարը պատասխանեց, որ այն խնդիրները, որոնք վերաբերում են Ալիկ Միրզաբեկյանին, պատշաճ կերպով լուծվում են: