կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-22 14:30
Հասարակություն

Ծիրանի և խաղողի բերքն այս տարի առատ կլինի. գյուղատնտեսության փոխնախարար

Ծիրանի և խաղողի բերքն այս տարի առատ կլինի. գյուղատնտեսության փոխնախարար

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Գրիշա Բաղյանն ու Սամվել Գալստյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեցին անասնաբուծության և բուսաբուծության ոլորտներում վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները:

 

Գրիշա Բաղյանը, ամփոփելով 2014 թվականի ցուցանիշները, նշեց, որ անցած տարվա ընթացքում կենդանիների գլխաքանակն ավելացել է ավելի քան 688-ով: Նախարարի տեղակալի բնորոշմամբ` մեր հանրապետությունում գրանցվել է տավարաբուծության, խոզաբուծության, թռչնաբուծության և ձկնաբուծության զարգացում:

 

«Շուրջ 163,3 տոննա միս ենք ունեցել, 700 հազար տոննա կաթ, 638,8 միլիոն հատ ձու, 13,9 հազար տոննա ձուկ: Տավարաբուծության, խոզաբուծության, ոչխարաբուծության ոլորտներում գրանցել ենք բավական լավ ցուցանիշ»,- ասաց փոխնախարարը` հավելելով. «Կոտայքի և Սյունիքի մարզերում կան խոզաբուծական տնտեսություններ, որոնք մեր հանրապետությանն ապահովում են մսամթերքով: Երկու տեսակի ոչխարներ են ներմուծվել Հայաստան: Խոսքը ռոմանովյան և բայիրյան տեսակի ոչխարների մասին է: Պետք է նշեմ նաև, որ ձվի հարցով ինքնաբավարարման տոկոսը բարձր է»:

 

Սամվել Գալստյանը, ներկայացնելով բուսաբուծության ոլորտում առկա ձեռքբերումներն ու խնդիրները, նշեց. «2014 թվականին ծիրանի արտադրությունն է նվազել, իսկ մնացած ոլորտներում աճ է գրանցվել: Անցած տարի ծիրանի արտադրությունը շուրջ 70 հազար տոննայով նվազեց, սակայն այս տարի արդեն բոլորովին այլ ցուցանիշ է` ունենք հիանալի իրավիճակ: Ես վերջին տարիներին այդքան բերքի առատություն չեմ տեսել: Արմավիրի մարզում բավական շատ ծիրան կա: Հիանալի է նաև խաղողի բերքը»: