կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-16 14:15
Իրավական

Դավթաշենում 9-րդ հարկից ցած նետված տղամարդու սպանության գործով ուսումնասիրում են նրա թողած նամակը

Դավթաշենում 9-րդ հարկից ցած նետված տղամարդու սպանության գործով ուսումնասիրում են նրա թողած նամակը

Մեկ ամիս առաջ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում դժբախտ դեպք էր տեղի ունեցել: Բազմաբնակարան շենքի 9-րդ հարկից ցած նետվելու արդյունքում մահացել էր նույն շենքի բնակիչ` 64-ամյա Ա. Խանզադյանը: Ըստ նախնական վարկածի՝ կատարվածն ինքնասպանություն էր:

 

Սակայն դեպքից հետո yerkir.am-ը գրել էր, որ դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել, ինչն էլ առիթ է տվել կասկածելու, որ կատարվածը սպանություն է: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով Yerkir.am-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ այս գործով դեռևս կասկածյալ կամ կասկածյալներ չկան:

 

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ` կատարված սպանության բոլոր հանգամանքները պարզելու համար: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին` միջոցներ ձեռնարկել՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը և ներկայացնել նախաքննական մարմնին։ Քրեական գործով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատակենսաբանական, ձեռագրաբանական, մատնադրոշմային, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել:

 

Նշենք, որ, մեր տեղեկություններով, տղամարդու մոտից գրություն էր հայտնաբերվել, սակայն թե ով է իրականում այն գրել կամ ինչ պայմաններում, պարզ կդառնա միայն ձեռագրաբանական փորձաքննության եզրակացության արդյունքում: Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում Ա.Խանզադյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: