Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԺ պատգամավորները` ՀՀԿ-ից Վարդան Այվազյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը և ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը, ներկայացրեցին իրենց տեսակետները վերջերս կառավարության կողմից ներկայացված աղմկահարույց օրենքի վերաբերյալ:
Խոսքը «Եկամտահարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ անելու մասին է, ըստ որոնց` հարկ է սահմանվում ՀՀ ռեզիդենտ այն կազմակերպությունների համար, որոնք աշխատուժ են արտահանում արտերկիր շինարարության ոլորտի աշխատանքների համար:
ՀԱԿ խմբակցությունը օրենքի քննարկման ժամանակ դեմ քվեարկեց: Խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց. «Եթե լավ օրենք է, ինչի՞ է հասարակությունը այսքան եռում: Օրենքն ունի լուրջ վտանգներ, էլ չեմ ասում, որ օրենքը ԱԺ բերվեց ընթացակարգային լուրջ խախտումով: Կառավարությունը ցանկություն ուներ արագ անցկացնելու օրենքը` առանց մեծ քննարկումներ ծավալելու»:
Պատգամավորի համոզմամբ` օրենքի կիրառման արդյունքում դրսից ճնշումներ կլինեն Հայաստանի վրա, որովհետև այն ուրիշ երկրի շահերին է դիպչում: Արամ Մանուկյանը մեջբերեց ՌԴ գլոբալիզացիայի ինստիտուտի տնօրենի այն խոսքը, թե այդ օրենքի ընդունումը ՌԴ օրենսդրության կոպիտ խախտում է, և որ այն վատ կանդրադառնա Հայաստանի վարկանիշի վրա:
«Օրենքն ընդունված է բյուջեի սղությամբ, ու ստացվում է, որ փողը պետք է հայթայթել Ռուսաստանում աշխատող քաղաքացիներից: Դեռ սրա արձագանքը հետո կլսվի»,- ասաց ՀԱԿ պատգամավորը` հավելելով, որ եթե իշխանությունները ցանկանում են միգրացիայի դեմն առնել, ապա պետք է աշխատատեղ ստեղծեն, այնինչ` իշխանությունները գնում են հակառակ ուղղությամբ: Եվ եթե առաջ ընդդիմադիր քաղաքական ուժերը բողոքում էին Ռուսաստանի կողմից անցկացվող «Համերկրացիներ» ծրագրի դեմ, ապա հիմա իշխանությունն է կազմակերպված ձևով Հայաստանի քաղաքացիների աշխատուժն արտահանում:
«Ո՞վ չգիտի, որ այս օրենքն ընդունվել է ռուսաստանաբնակ հայ օլիգարխների համար, ովքեր կազմակերպում են շինարարության վրա աշխատող մարդկանց արտագաղթ: Բայց այդ մարդկանց մի մասը չի վերադառնալու: Սա արտագաղթի կազմակերպված ձև է, քանի որ հազարավոր քաղաքացիներ ուզում են աշխատանք գտնել ու գնալ Հայաստանից»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դիմեց ՀԱԿ պատգամավորին. «Արամ Մանուկյան ջան, ուզում եմ քեզ խնդրել, ցավդ տանեմ, սա արտագաղթի հետ կապ չունի, արտագաղթ նշանակում է` մարդը գնաց ու բնակվեց այնտեղ»: Նա անդրադարձավ նաև Արամ Մանուկյանի կողմից նշած` ՌԴ գլոբալիզացիայի ինստիտուտի տնօրենի մեկնաբանություններին: «Այդ մարդը երևի ծանոթ չէ օրենքին, հակառակ դեպքում, եթե ծանոթ է ու նման հայտարարություններ է անում, ուրեմն դա ակնհայտ պրովոկացիա է` ուղղված ՀՀ դեմ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն արձագանքեց բանավեճին` ասելով, որ ավելի լավ է մարդիկ գնան, աշխատեն ու հետ գան, քան մնան այստեղ` չունենալով աշխատանք:
Արամ Մանուկյանն էլ այսպես արձագանքեց. «Մի քանի ամիս առաջ իմ այս գործընկերները լրիվ ուրիշ կերպ էին արտահայտվում, հիմա նստել ու գովերգում են կառավարությանը»:
Նրա այս խոսքն առաջացրեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի զայրույթը: « Արտագաղթը կապ չունի ժամակավոր միգրացիայի հետ: Մեղադրանք եք ներկայացնում մի բանում, որի մեղավորը ժամանակին դուք եք եղել ու ձեր քաղաքական ուժը: Իմ խնդրանքն ու առաջարկն է` մտածեք էս երկրի մասին, ոչ թե հակապետական վարքագիծ դրսևորեք: Այն, ինչ անում են իմ որոշ գործընկերներ, դա հակապետական կլասիկ վարքագիծ է»,- ասաց նա` հավելելով, որ ՀՅԴ-ի պահանջն է, որ այս օրենքը լրացվի խիստ կարգավորումներով, սոցիալական երաշխիքներով, և պետությունը երաշխավորի աշխատողների իրավունքների ապահովումը:
Արամ Մանուկյանը պնդեց, որ կանցնի ժամանակ, և իր գործընկերները կներկայացնեն հակառակ տեսակետը: