կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-08 16:20
Քաղաքական

Եթե ժողովուրդը հարյուրհազարներով դուրս գար... ՀԱԿ-ը հիշում է

Եթե ժողովուրդը հարյուրհազարներով դուրս գար... ՀԱԿ-ը հիշում է

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե իշխանություններն անմեղսունակ են, որովհետև ոչ մի կերպ չեն ուզում խոստովանել, որ երկիրը ճգնաժամի մեջ է: Նա նշեց, որ իշխանությունների` հարկեր հավաքելու ֆանտազիան անսպառ է, նրանք ոչինչ չեն անում երկիրը զարգացնելու համար, այլ բոլոր ջանքերն ուղղված են միայն դրամահավաք կազմակերպելու նպատակներին:


Լրագրողների հարցին` ի՞նչ է կարծում, երբ պետք է պատժվի Սյունիքի մարզպետ Սուրիկ  Խաչատրյանի ընտանիքը, քանի որ նրա ընտանիքի հետ են կապվում բազմաթիվ աղմկահարույց դեպքեր` սպանություն, ծեծ, Լևոն Զուրաբյանը նշեց, որ Բուդաղյանների հետ կատարվածից հետո, երբ Սուրիկ Խաչատրյանին վերանշանակեցին մարզպետի պաշտոնում, իշխանությունները որդեգրեցին «Մենք բոլորս Լիսկա ենք» կարգախոսը:


Լրագրողները հարցրեցին, թե ինչպիսին են լինելու ՀԱԿ-ի քայլերը` հանրահավաքային պայքարի հետ կապված, որովհետև երկու ամիս առաջ ՀԱԿ-ը հայտարարեց, որ երկու ամիս դադար է վերցնում:


Լևոն Զուրաբյանը պատասխանեց, որ հանրահավաքային պայքարը պետք է կապված լինի քաղաքական իմաստային գործընթացի հետ, և ՀԱԿ-ը շատ լավ հասկանում է, որ ժողովուրդը կարող է ազատվել ռեժիմից, եթե հարյուրհազարներով դուրս գա փողոց, այլ տարբերակ չկա:


«Ռեժիմը կարող է փոխվել համաժողովրդական, եթե կուզեք` ապստամբությամբ: Ապստամբություն ասելով` նկատի չունեմ բռնությունները, այլ, եթե իսկապես ժողովուրդը հարյուրհազարներով ոտքի կանգնի...»,- ասաց Լևոն Զուրաբյանը` հիշելով այն ժամանակները, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի համար ժողվուրդը դուրս էր եկել փողոց:


Նա նշեց, որ կարող են նշանակել միտինգի օր ու հավաքել 30 հազար մարդ, բայց կարևոր են հետագա քայլերը: Ապա վստահեցրեց, որ նման գործընթաց կառուցելու են դեռ, և այս պահին ամենահավանական հանրահավաքային գործընթացը կապված է լինելու սահմանադրական փոփոխությունների հետ: