Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել մայիսի 2-ին Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ:
Մեր տեղեկություններով՝ ծեծկռտուքին մասնակցել են նաև Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի (Աղալար) որդիները: Նշենք, որ լրատվամիջոցներում բազմիցս լուրեր են շրջանառվել Աղալարի և նրա որդիների մասնակցությամբ տեղի ունեցած դեպքերի մասին: Աղալարի որդիներից մեկի անունն անգամ շոշափվում է 2004-ի փետրվարին Գորիս քաղաքի բնակիչ Հովհաննես Բադալյանի` առանձնակի դաժանությամբ սպանության մեջ: Ինչևէ, չի բացառվում, որ դեպքի մյուս մասնակիցների օրինակով հիշյալ անձանց ինքնություններն էլ իրավապահները «չպարզեն»:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դեպքից հետո հաղորդագրություն էր տարածել և, այսպես ասած, հերքել միջադեպին Տիգրան Խաչատրյանի մասնակցությունը՝ նշելով, որ Զաքարյանները վիճաբանել են «ինքնությունը չպարզված այլ անձանց հետ»: Նշենք, սակայն, որ գործը քննող քննչական կոմիտեն՝ մինչ դատախազության հայտարարությունը, արդեն իսկ հրապարակել էր մարզպետի որդու անունը: Շատերն այս անհամաձայնությունը պայմանավորեցին Աղվան Հովսեփյան-Գևորգ Կոստանյան անձնական հակամարտությամբ: Սակայն այս գործում ավելի շատ նշանակություն ունի դատախազի խոսքը, չէ՞ որ, ի վերջո, դատախազությունն է հաստատելու մեղադրանքը:
Եթե Բուդաղյանների գործով Տիգրան Խաչատրյանը ձևականորեն ձերբակալվեց, այնուհետև նույն դատախազի «թեթև ձեռքով» նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, ապա այս գործում դեպքից 4 օր անց Տիգրանն անգամ որպես կասկածյալ կամ վկա ներգրավված չէ: Սա վկայում է այն մասին, որ գործը բացահայտորեն փորձում են կոծկել: Սակայն ծեծված Զաքարյանների հարազատները չեն պատրաստվում լռել:
Yerkir.am-ի հետ զրույցում Զաքարյանների հարազատները նշեցին, որ իրենք սա այսպես չեն թողնելու: «Մերոնք էլ թասիբ ունեն ու ճանաչված են, էնպես չի, որ ձեն չհանենք, մենք կորած մարդիկ չենք: Էլի դեպքեր են եղել, սա այսպես չենք թողնի»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց տղաների հորեղբայրը:
Այս գործի բացահայտման մեջ շահագրգռված է նաև Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, գործարար Տիգրան Կարապետյանը: Մեր տեղեկություններով՝ նա Զաքարյանների միջնեկ՝ Ֆրանսիայում բնակվող որդու մտերիմ ընկերն է:
Նշենք, որ ծեծված երկու տղաներն էլ ամուսնացած են և երեխաներ ունեն: Նրանք Գորիսում հայտնի գործարարներ են՝ խանութներ ունեն:
Խոսելով դեպքի մասին` հարազատները նշեցին, որ Զաքարյան եղբայրներին ծեծի ենթարկելուց հետո «բանդայի» մասնակիցնրը տղաներին գցել են գետնին և ոտքերով հարվածել: Ծեծվածներից Մուշեղը գլխի շրջանում ծանր հարվածներ է ստացել: Մեզ հետ զրույցում տղաների մայրը՝ տիկին Անահիտը, ասաց, որ Մուշեղին դատաբժշկի ուղեգիր են տվել: «Տարել, նկարել են գլուխը, ինքը հիմա ուրիշ հիվանդանոցում հետազոտվում է»,- ասաց նա:
Այսօր հիվանդանոց այցելության ժամանակ զրուցեցինք նաև Հարությունին վիրահատած բժշկի՝ Հովսեփ Միրոյանի հետ: Նա հայտնեց, որ հիվանդի վիճակը գնահատվում է ծանր, դեռևս հայտնի չէ` տեսողությունը կվերականգնվի՞, թե՞ ոչ, այժմ դեղորայքային բուժում է ստանում:
Մեզ հետ զրույցում Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը ասաց, որ Հարությունը վնասվածքը ստացել է բութ առարկայի հարվածների արդյունքում, սակայն կոնկրետ ի՞նչ առարկայի՝ պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո: «Աչքի վնասվածքների, մանավանդ` նման ծայրահեղ ծանր դեպքերում, հետվիրահատական ժամկետը դժվար է կանխորոշել, հետագայում հնարավոր է լինեն բարդություններ, որոնց դեպքում համապատասխան ձևով կմիջամտենք»,- ասաց նա և հավելեց, որ, բարեբախտաբար, բորբոքային խնդիրներ չկան: «Այս վնասվածքը դասվում է շատ ծանրների շարքը, որի ժամանակ խախտվում է տեսողության ֆունկցիան՝ շատ դեպքերում անվերադարձ»,- ասաց Մալայանը` միաժամանակ նշելով, որ հիվանդի վիճակը կայուն է, և նա ի վիճակի է խոսել:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ գործի շրջանակներում մի շարք անձինք են հարցաքննվել, իսկ թե կոնկրետ ովքե՞ր, չնշեց: Մեր տեղեկություններով` մինչ այժմ տուժած երիտասարդները չեն հարցաքննվել:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի մայիսի 2-ին: Սյունիքի մարզային դատախազությունում մայիսի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ ինքնությունը չպարզված անձանց կողմից Սդղի գյոլ կոչվող տարածքում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով։