Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:
Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ներկայիս մակարդակին և զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Ընդգծելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական դաշնակցային գործընկերությունը բոլոր ոլորտներում դինամիկ զարգանում և ամրապնդվում է, Հանրապետության նախագահը երկկողմ հարաբերություններում մեծապես կարևորել է տնտեսական բաղադրիչը, որտեղ զգալի դեր ունի գազաէներգետիկ ոլորտը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսության առաջատար ընկերություններից մեկի՝ «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով մեր երկրում «Գազպրոմ» ընկերության կողմից իրականացվող գործունեությունը, որն ուղղակիորեն անդրադառնում է նաև տնտեսության այլ ճյուղերի զարգացման վրա: Նկատի առնելով ընկերության աշխատանքը, նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական կապերի զարգացման ու ամրապնդման, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար նախագահ Սերժ Սարգսյանը «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին պարգևատրել է Բարեկամության շքանշանով:
Ալեքսեյ Միլլերը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ բարձր պարգևի և իր ղեկավարած ընկերության գործունեությունը նման գնահատականի արժանացնելու, ինչպես նաև «Գազպրոմը»՝ երեխաներին» ծրագրի շրջանակներում Երևանում կառուցվելիք ուսումնամարզական համալիրի հիմնարկեքին այսօր ներկա գտնվելու համար: Նա վստահեցրել է, որ «Գազպրոմ» ընկերությունն այսուհետ ևս պատրաստ է մեծ պատասխանատվությամբ և նախատեսված ժամկետներում Հայաստանում իրականացնել ընկերության առջև դրված բոլոր խնդիրները՝ այդպիսով նպաստելով հայ-ռուսական միջպետական հարաբերությունների առավել ամրապնդմանը:
Հանդիպման ժամանակ Ալեքսեյ Միլլերը Հանրապետության նախագահին ներկայացրել է մեր երկրում իր ղեկավարած ընկերության ընթացիկ գործունեությունն ու առաջիկա ծրագրերը, որոնցում, ըստ նրա, կարևոր տեղ են զբաղեցնում նաև սոցիալական ծրագրերը: