կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-02 20:10
Հասարակություն

Հատուկ սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր արտադրամաս է բացվել

Հատուկ սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր արտադրամաս է բացվել

Վերջին շրջանում զգալի աշխատանքներ են տարվում ՀՀ ռազմարդյունաբերության համալիրի զարգացման, զինված ուժերը հայրենական արտադրության զինտեխնիկայի և նորագույն սպառազինության նմուշներով համալրելու, ինչպես նաև առկա ռազմական տեխնիկայի ու սպառազինության հուսալի և անխափան գործարկումն ապահովելու ուղղությամբ:

 

Օրեցօր ազգային բանակը համալրվում է նոր, ավելի որակյալ ու ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով՝ բացառիկ մակարդակի վրա դնելով ՀՀ պաշտպանական կարողությունները: 


Ասվածի վկայություններից մեկն էլ վերջերս ԱԺ-ում ընդունված «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրինագիծն է, որը լուրջ նախադրյալներ է ստեղծելու այս ոլորտի զարգացման համար:

 

Կատարելագործման դինամիկ փուլում գտնվող հայկական ռազմարդյունաբերության համակարգի անքակտելի մասն այսուհետ կկազմի նաև հատուկ սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր արտադրամասը, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել ապրիլի 2-ին:
Ինչպես փաստել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ արտադրամասը հնարավորություն է ընձեռելու մանրազնին ուշադրություն դարձնել ազգային բանակի ամենակարևոր և մարտունակ ստորաբաժանումներից մեկի՝ ՀՕՊ զորատեսակի հատուկ սարքերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման գործընթացի վրա: Բացի դրանից` ստեղծվելու են նոր աշխատատեղեր, այդ կերպ նպաստելով նաև ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:

 

Շրջելով ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր արտադրամասի տարածքում, պաշտպանության նախարարը ծանոթացել է շենքային պայմաններին, կատարված լայնածավալ աշխատանքներին, արտադրամասի տեխնիկական հագեցվածությանը, ինչպես նաև ոլորտի պատասխանատուների և մասնագետների հետ քննարկել է ընթացիկ ու հեռանկարային ծրագրերը:
Ի նշանավորումն նոր արտադրամասի շահագործման և որպես գործնական հաջողությունների ամրապնդման խորհրդանիշ՝  արտադրամասի բակում հիմնվել է նաև  եղևնիների փոքրիկ պուրակ: