կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-20 17:16
Քաղաքական

Սաջադ Քարիմը Հայաստանից մեկ մտահոգությամբ է հեռանում

Սաջադ Քարիմը Հայաստանից մեկ մտահոգությամբ է հեռանում

Այսօր Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը մամուլի ասուլիսով ամփոփեց Հայաստանում անցկացված աշխատանքները: Նա նշեց, որ դա առաջընթացի շաբաթ է եղել՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից, և որ հստակ ուրվագծվել է անցնելիք ճանապարհը:

 

«Եվրոպայի կողմից հստակ է, թե ինչ Հայաստան ենք ուզում տեսնել: Մենք ուզում ենք տեսնել Հայաստան, որը կառուցվում ու զարգանում է եվրոպական արժեքների վրա, այն է՝ ժողովրդավարության, մարդու իրավունքներ, խոսքի ազատության, մամուլի ազատության, դատական համակարգի անկախության հիմա վրա: Մենք անում ենք և կանենք ամեն ինչ, ինչը հնարավոր է, որպեսզի համագործակցության մեջ ներգրավվեն այն երկրները, որոնք կիսում են այդ արժեքները»,- ասաց Սաջադ Քարիմը՝ հավելելով, որ Հարավային Կովկասը և Հայաստանը ուրույն տեղ ունեն ԵՄ-ի համար:

 

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ գոհ են Հայաստանում անցկացրած նիստերի արդյունքներից և տխրել են` իմանալով, որ ադրբեջանական պատվիրակությունը չի ցանկանում մասնակցել այդ նիստերին: Սաջադ Քարիմը կարծում է, որ Հայաստանի, որպես սուվերեն պետության, որոշելիքն է, թե ինչպես է նա ցանկանում դիրքավորվել ԵՏՄ անդամակցության և ԵՄ հետ համագործակցությունը շարունակելու առումով: ԵՄ պաշտոնյան հավելեց. «Ի դեմս ԵՄ-ի` դուք ունեք գործընկեր, որն ի սրտե ցանկանում է աշխատել Հայաստանի հետ ձեռք ձեռքի ու անկեղծորեն ցանկանում է ամրապնդել համատեղ ժողովրդավարական արժեքները: Մենք ուզում ենք խրախուսել Հայաստանին` շարժվել այն ուղղությամբ, որը բաց է, ազատ է ու արդար: Իմ գործընկերներն ասում են՝ Հայաստանն էլ է Եվրոպա»,- ասաց Սաջադ Քարիմը:

 

Ինչ վերաբերում է ԼՂ խնդրին, նա նշեց, որ Հայաստան գալուն պես առաջինը հանդիպել է ԵԱՀԿ դեսպանի հետ: «Մենք հանձնառու ենք մնում`սատարել ԵԱՀԿ-ին և ՄԽ ձևաչափին: Շատ տխուր է տեսնել անմեղ կյանքերի կորուստը սահմանին: Մենք հանձնառու ենք անել այն, ինչը կարող ենք անել առկա գործընթացների շրջանակում, որպեսզի քաջալերենք բոլոր կողմերին՝ շարժվել հակամարտության լուծման ուղղությամբ»,- ասաց Քարիմը:

 

Նա չշրջանցեց նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների թեման` ասելով. «Ռուսաստանի ագրեսիան ողջ Արևելյան Եվրոպայում մեզ շատ է մտահոգում: Իմ երկրում` Մեծ Բրիտանիայում, նույնպես եղել են Ռուսաստանի կողմից ներխուժումներ օդային տարածքում: Ռուսաստանի վարքագիծըն անցնում է թույլատրելիի սահմանները: Ինձ հաճելիորեն զարմացրեց այն բաց երկխոսությունը, որը կա Հայաստանում: Շատ առողջ, լավ նշան է, որ բաց բանավեճի այս մակարդակը կա Հայաստանում: Ինձ հետ ես տանելու եմ միայն մեկ մտահոգություն: Ես հիմա ձեզ հետ շատ անկեղծ եմ խոսելու, ինձ անհանգստացնում է այն, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման դեպքում արդյո՞ք նման բաց մթնոլորտը կշարունակի տիրել Հայաստանում, որովհետև հենց այսպիսի բաց ու ժողովրդավարական Հայաստանն է, որ կցանկանայինք տեսնել Եվրոպայում»,- ասաց Սաջադ Քարիմը:

 

Ասուլիսի վերջում ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը Սաջադ Քարիմի կոստյումին ամրացրեց Հայոց ցեղասպանության խորհրդանիշը՝ անմոռուկը: