Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ խորհրդարանում բացվեց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը, որին ողջույնի խոսքով դիմեց Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարներսկին:
Նա նշեց, որ Հայաստանում ջերմ ընդունելության են արժանացել և հետևյալ նախադասությունները ասաց հայերեն լեզվով. «Շատ շնորհակալություն ձեր հյուրընկալության համար: Մենք գտնվում ենք մի երկրում, որն ունի երկար պատմություն և մեծ մշակութային ժառանգությւոն: Մենք ողջունում ենք բոլորիդ և հիշում ողջ հայ ազգի ողբերգության հարյուրերորդ տարելիցը»:
Նա իր ելույթում նշեց, որ Արևելյան գործընկերությունը փոփոխությունների ենթարկվեց, երբ մի քանի երկրներ որոշեցին այլ ընթացքով շարժվել, և երբ դրամատիկ զարգացումներ սկսվեցին Ուկրաինայում: Այդ ժամանակ, նրա խոսքով, առաջացավ քաղաքականության փոփոխություն. «Ռուսաստանը մասնակցեց Ուկրաինայում զինված գործողություններին՝ խլելով մարդկային կյանքեր, և ԵԽ-ն դատապարտեց ռուսական ագրեսիան»:
«Ուրախ եմ, որ Հայաստանը ցանկանում է ԵՄ հետ ստորագրել նոր համաձայնագիր, ինչը կնպաստի Հայաստանում բարեփոխումներին»,- ասաց Ռիչարդ Չարներսկին:
Նա անդրադարձավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` ասելով, որ այս տարի ամբողջ հայ ազգը հիշատակելու է հարյուր տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները: Նա նշեց, որ, որպես Լեհաստանի խորհրդարանի ներկայացուցիչ, հպարտ է, որ Լեհաստանի խորհրդարանը աշխարհում առաջիններից մեկը դատապարտել ու ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նաև հայտնեց, որ այս օրերին Լեհաստանի խորհրդարանը նախապատրաստել է այդ խնդրի հետ կապված նոր բանաձև, որը Լեհաստանի խորհրդարանը կքվեարկի ապրիլի 24-ին նախորդող շաբաթվա ընթացքում: