կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-01 13:34
Սպորտ

Հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հանդես կգա 11 մարզիկով (տեսանյութ)

Հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հանդես կգա 11 մարզիկով  (տեսանյութ)

Մարտի 2-8-ը Հոլանդիայում տեղի կունենա Հրաձգության Եվրոպայի երիտասարդների և մեծահասակների առաջնությունը:  Կարևորագույն այս ստուգատեսում Հայաստանը կներկայացնեն 11 մարզիկ` Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի ու Հրաձգության հանրապետական մարզադպրոցի սաները: Հայաստանի պատվիրակությունը մրցավայր կմեկնի վաղը՝ մարտի 2-ին՝ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ:

 

Մեծահասակների առաջնությունում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն միջազգային կարգի սպորտի վարպետ, պատանեկան օլիմպիական խաղերի և աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն 18-ամյա Հրաչիկ Բաբայանը , միջազգային կարգի սպորտի վարպետ Իրինա Լաուերը, և միջազգային կարգի սպորտի վարպետ, Տրզենի գավաթի 2-րդ մրցանակակիր Քրիստիան Լաուերը (բոլորն էլ հրացան): Այս  մրցաձևում հանդես կգան նաև Հրաչիկ Բաբայանի կրստեր եղբայր՝ 12-ամյա Հայկ Բաբայանը, և Քուվեյթի միջազգային մրցաշարի 3-րդ մրցանակակիր, սպորտի վարպետ, 19-ամյա Մարիամ Միքայելյանը: Վերջիններս հանդես կգան երիտասարդների մրցաշարում:

Ատրճանակ ձևում հանդես կգան 24-ամյա Նորայր Առաքելյանը (սպորտի վարպետ), և Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն, 15-ամյա Զավեն Իգիթյանը:    

Վազոզ Թիրախ մրցաձևում հանդես կգան 4 մարզիկներ: միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Լիլիթ Մկրտչյանը, աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Ռազմիկ Մինասյանը, և աշխարհի և եվրոպայի թիմային բազմակի բրոնզե մեդալակիրներ Շանթ Սարգսյանն ու Արթուր Պետրոսյանը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում  Եվրոպայի առաջնության իրենց սպասելիքների մասին խոսեցին վազող թիրախ ձևի մարզիչ Գագիկ Մելոյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Լիլիթ Մկրտչյանն ու աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն Հրաչիկ Բաբայանը: