կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-18 09:19
Քաղաքական

ՌԴ դատախազությունը Պերմյակովի հարցով նամակ չի ստացել ՀՀ-ից. «Ժողովուրդ»

ՌԴ դատախազությունը Պերմյակովի հարցով նամակ չի ստացել ՀՀ-ից. «Ժողովուրդ»

«ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս այս տարվա փետրվարի 3-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային: «ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, հիմք ընդունելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական, օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածը, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ 7 քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային»,- նշված է ՀՀ ԳԴ տարածած հաղորդագրությունում:

 

«Ժողովուրդ»-ը պաշտոնական գրությամբ օրեր առաջ դիմել էր ՌԴ գլխավոր դատախազությանը՝ Հայաստանի գլխավոր դատախազությունից ուղարկված գրության ճակատագիրը պարզելու նպատակով: Երեկ ստացել ենք ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական պատասխանն առ այն, որ նման գրություն իրենք չեն ստացել:

 

«Ըստ եղած տեղեկությունների՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններից հարցում՝ Պերմյակով Վ.Պ. -ին հանձնելու և քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը չի ստացել»,- նշված է «Ժողովուրդ» օրաթերթին ուղարկված պատասխանում: Այստեղից հարց է ծագում, թե Գևորգ Կոստանյանը ո՞ւմ է ուղարկել իր գրությունը: Իսկ կարո՞ղ է փոստատարն այն ոտքով է Երևանից Մոսկվա տանելու»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։