Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-02-02 13:52
Տնտեսական

Fitch-ը նվազեցնում է ՀՀ-ի վարկանիշը. ԿԲ-ն լռում է

Fitch-ը նվազեցնում է ՀՀ-ի վարկանիշը. ԿԲ-ն լռում է

Երբ որևէ միջազգային վարկանիշային գործակալություն աննշան բարձրացնում էր Հայաստանի վարկանիշը, մեր պետական կառույցները բոլոր հնարավոր ձևերով թմբկահարում են այդ մասին ու հպարտանում գրանցած ցուցանիշով: Իսկ ահա երբ հակառակ պատկերն է, թե' ֆինանսների նախարարությունը, թե' Կենտրանական բանկը ծպտուն չեն հանում: Ի դեպ, արդեն երկրորդ խոշոր վարկանիշային գործակալությունն է վերանայում մեր վարկանիշը և նվազեցնում այն:

 

Հունվարի կեսերին Moody’s վարկանիշային գործակալությունը Հայաստանի պարտատոմսերի վարկանիշը նվազեցրեց Ba2-ից մինչև Ba3, իսկ կանխատեսումն էլ կայունից դարձրեց բացասական: Որպես վարկանիշի վերանայման և նվազեցման հիմնական պատճառ նշվում է ներքին կախվածությանը մեծացումը, քանի որ Ռուսաստանից եկող ֆինանսական միջոցները կրճատվել են: Moody’s-ը նաև կանխատեսում է Հայաստանի տնտեսական աճի տեմպի դանդաղում, ինչը պայմանավորված է կրկին Ռուսաստանից եկող բացասական հետևանքներով:

 

Moody’s-ին հետևում է նրա` ոչ պակաս հայտնի գործընկեր Fitch գործակալությունը` նվազեցնելով Հայաստանի` որպես պարտատոմսեր թողարկողի երկարաժամկետ վարկանիշը «ВВ-»-ից մինչև «В+»: Fitch-ը նույնպես նվազեցման հիմնական պատճառ է համարում Ռուսաստանում ստեղծված տնտեսական վիճակը: Ըստ գործակալության` Հայաստանի տնտեսությունը դոլարիզացված է, ինչն ավելի ռիսկային է դարձնում ֆինանսական շուկան: Բացի այդ` գործակալության գնահատականներով` կնվազեն նաև ԿԲ միջազգային պահուստները, իսկ գնաճը կլինի 6.5 տոկոս, այնինչ` Կենտրոնական բանկը 2015-ի համար կանխատեսել է 2.5-5.5 տոկոս գնաճ: